Էջ:Muratsan, vol. 3.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ և ձեռքը աթոռի թիկնատեղի վրա կռթնելով, հանգիստվոը դիրք բռնեց:

— Այն հոդվածը դո՞ւք եք գրել «Մանգաղ»-ի մեջ,— հարցրեց նա Սարյանին այնպիսի մի ձայնով, որ խեղճ երիտասարդի մարմնով սարսուռ անցավ։

— Այո՛,— շփոթվելով և կակազելով արտասանեց Սարյանը:

— Շատ լավ եք գրել, ապրիք, աստված է՛լ ավելի շնորհք տա,— ասաց Թորոսյանը և մի վայրկյան լռեց։ Սարյանր կարծելով, թե նա անկեղծությամբ է խոսում, պատրաստվեցավ, կարծես, ուրախանալ, և ժպիտը խաղաց նրա շրթունքների վրա:

— Հա’, որովհետև այդպես լավ բաներ եք գրում, արժան չէ, որ դուք այս խավար տեղը նստեք, ձեր ժամանակը անօգուտ վատնեք,— շարունակեց Թորոսյանը.— գնացեք «Մանգաղ»-ի խմբագրատունը և ծառայեցեք այնտեղ պարոն Պոչյանին ձեր գրական աշխատություններով:

— Ինչպե՞ս. չեմ հասկանում,— շփոթված շշնջաց Սարյանը:

— Չե՞ք հասկանում. ուրեմն վաճառականի կոպիտ լեզվով ասեմ, որ հասկանաք, դո՛ւրս գնացեք իմ գրասենյակից, ես ձեզ չեմ կամենում պահել ինձ մոտ:— Հաշվեցեք այս պարոնի մնացորդ ռոճիկը և տվեք իրեն,— դարձավ նա հաշվապահին:

Կոպիտ ձայնով արտասանված այս հայտարարությունը կայծակի հարված իջեցրեց խեղճ Սարյանի գլխին: Ամենածանր հանդիմանության նա կարող է սպասել, բայց այնպիսի անպատվություն, որ արտաքսեին իրեն պաշտոնից, երբեք։ Պատվասիրության զգացումը, ամոթը և զայրույթը, կարծես միախառնված, մի խուլ փոթորիկ հարուցին երիտասարդի հոգու մեջ։ Վարդագույնը պատեց նրա ամոթխած դեմքը, և ազնիվ ճակատը քրտինքի ցողով ծածկվեցավ։ նա աշխատեց խոսել, սակայն լեզուն չհնազանդվեց իրեն. մի ինչ-որ գաղտնի զորություն, կարծես, փակում էր յուր բերանը։

Բայց երբ հաշվապահի հայտնելով գանձապահը բերավ հանձնելու նրան յուր մնացորդ ռոճիկը, Սարյանը նայեց վերջինի