Էջ:Muratsan, vol. 4.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքին։ Նա գլուխը բարձր բռնած և ուշադրությունը լարած, ինչպես առհասարակ անում են բոլոր կույրերը, ուղղել էր դեմքը դեպի առանձնարանի դուռը։ Հենց որ ներս մտնող քայլերի ձայնն առավ, ժպտալով հարցրեց.

-Իշխա՞նն է եկողը։

-Այո՛, քո խոնարհ ծառան,-պատասխանեց Մարզպետունին և արագ քայլերով սկսավ մոտենալ։

-Ե՛կ, իմ սիրարժան հյուր. ե՛կ, մոտեցի՛ր ինձ, ես չեմ կարող քեզ ընդառաջել. աստված զրկել է ինձ այդ ուրախությունից. ե՛կ և գրկիր ինձ...

Այս խոսքերի հետ նա բացավ յուր գիրկը և Մարզպետունի Իշխանը, որ արդեն մոտեցել էր՝ ջերմագին գրկախառնվեցավ նրան։

Սևադան սեղմեց նրան յուր կրծքին, համբուրեց մի քանի անգամ և հեկեկալով ասաց.

-Կերպարանքդ չեմ տեսնում, իմ ազնիվ բարեկամ, բայց հոգիս միացած է հոգուդ և նա ինձ շշնջում է, թե սիրտդ խռովված է Սևադայի դժբախտությամբ և թե աչքերդ արտասվում են արդեն...

Եվ իրավ, Մարզպետունի իշխանը չկարողացավ զսպել իրան. Սևադայի գրկում արդեն նա փղձկեցավ և լուռ, անմռունչ արտասվում էր։ Այդ մարդը, որ արտաքուստ այնքան զորեղ և աննկուն էր երևում, մի նորատի կնոջ չափ փափուկ սիրտ ուներ։

-Նստի՛ր այստեղ, ինձ մոտ. քա՛ջ եղիր. արհամարհի՛ր ճակատագրի հարվածները, միայն թե... նստի՛ր, սիրելիս (այս ասելով նա իշխանին նստեցրեց յուրի կողքին), միայն թե՝ մի՛ արհամարհիր երբեք առաքինությունը... Աշխարհում ոչ մի հանցանք անպատիժ չի մնում... Անշուշտ, Սևադան էլ գործել է այս պատժին արժանի մի հանցանք...։

-Չէի սպասում, թե այդքան դառը խոսքերով ինձ կընդունես,-նկատեց Մարզպետունին դիտմամբ, որպեսզի ստիպեր յուր դժբախտ հյուրընկալին փոխել զրույցի տխուր եղանակը:

-Չէ՛, բարեկամ, դառնություն չի կարող լինել իմ խոսքերում, քանի որ քո գալուստը լցրել է իմ սիրտը ուրախությամբ... Եվ այդպես, Գևորգ իշխան, դու ուրեմն ինձ մոտ, իմ