Էջ:Muratsan, vol. 4.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համաձայն ձեր թագավորի և իմ հանգուցյալ հոր կռած դաշնադրության։ Հետևապես, կատարելով ձեր պարտքը, պիտի ապացուցանեք, թե գիտեք ձեզ հարգել և, ընդհակառակը, փախուստ տալով այստեղից, պիտի անպատվեք ձեր թագավորին և արատավորեք եգերական դրոշակը։ Այս է իմ կարծիքը ձեր առաջադրության մասին։ Իսկ գալով նրան, թե արդյոք ես, հայոց թագավորս, կարո՞ղ եմ համաձայնել ձեզ հետ թշնամուն իմ զենքը հանձնելու, կասեմ, որ անկարող եմ։ Աշոտ թագավորը շատ այսպիսի անհաջողությանց է հանդիպել, շատ անգամ է թշնամիներով ու դավաճաններով պաշարվել, բայց երբեք և ոչ իսկ մի վայրկյան չէ մտածել, թե պիտի անձնատուր լինի թշնամուն։ Ես կարող եմ սուրը ձեռքիս և աշտեները կրծքումս ընկնել և մեռնել, բայց նվաստանալ և զենքը հանձնել թշնամուն, երբեք։ Դուք պաշարման ժամանակ մտածում եք ձեր կյանքն ազատելու, իսկ ես` իմ պատիվը փրկելու վրա։ Ինչպես տեսնում եք, մենք տարբեր նպատակների ենք ձգտում։ Հետևապես չպիտի խանգարենք միմյանց: Երբ մարդ կամենում է ընկնել, անկարելի է կանգուն պահել նրան։ Դուք այս վայրկենից իսկ ազատ եք ձեր որոշման մեջ։ Հայոց թագավորն ունի դեռ մի քանի տասնյակ քաջեր, որոնց հետ միասին կարող է մեռնել։ Բայց երբ դուք ողջամբ ձեր երկիրը հասնեք, հայտնեցեք անպատճառ ձեր կանանց ու որդվոց, որ ձեր կյանքը գնել եք ձեր զենքերի գնով։ Այդ նորությունն, անշուշտ, հաճույք կպատճառե եգերացի տիկնանց։

-Տեր արքա, դու նախատում ես քո զինակիցներին,..-վրդովված նկատեց եգերացի իշխանապետը։

-Դուք որ անձնատուր լինելու վրա եք մտածում, իմ զինակիցը լինել չեք կարող։

-Ուրեմն և չենք լինիլ,-զայրացած պատասխանեց իշխանապետը և դառնալով ընկերներին ասաց. -իշխաններ, հուսահատ զորականը մեզ է սպասում, գնանք մեր վերջին պարտքը կատարելու:

Այս ասելով նա սառնությամբ ողջունեց թագավորին և առաջ անցավ: Ընկերները հետևեցին նրան:

Թագավորը, որ ուշադրություն չդարձրեց ո՛չ իշխանապետի վերջին խոսքերին և ո՛չ իշխանների ողջույնին, աչքերը