Էջ:Muratsan, vol. 4.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրանի անկյունին հառած` խորասուզվել էր մի ինչ֊որ մտածության մեջ։ Երբ նա զգաց, թե վրանում լռություն է տիրում, դարձավ յուր իշխաններին և ասաց.

-Այո՛, եգերացիները կփրկեն իրանց։ Ով որ հանձն է առնում նվաստությունը, նա ձեռք կբերե և այն բարիքը, որ գերադասում է պատվից։ Բայց դուք ի՞նչ եք մտածում հայ զորականի մասին։

-Նա պատրաստ է կռվել մինչև վերջին շունչը,-ասաց Վահրամ սեպուհը,-պետք է միայն առաջնորդել նրան։

-Մենք նրան կառաջնորդենք. բայց ի՞նչ շահ այդ կռվից,-նկատեց Մարզպետունի իշխանը,-մերոնք այնքան սակավաթիվ են, որ թշնամին մի քանի վայրկենում կջնջե նրանց։

-Ասում ես, որ պատրաստ են մինչև վերջին շունչը կռվե՞լ,-հարցրեց թագավորը։

-Այո՛, տեր-պատասխանեց սեպուհը։

-Պետք է ուրեմն օգուտ քաղել, այդ պատրաստակամությունից։ Այս գիշեր մենք ամենախիստ թափով կընկնենք թշնամու վրա։

-Ընդհարմա՞ն դիտումով-հարցրեց սեպուհը զարմացած։

-Ո՛չ, բանակը ճեղքելու և անցնելու նպատակով։

Իշխանի դեմքը պայծառացավ։ Փրկության այդ միջոցը, արդարև, ամենահեշտը և պատվավորն էր։ Մարզպետունին նույնպես համակիր էր այդ մտքին։ Պետք էր միայն գաղտնի կերպով պատրաստվել, որպեսզի եգերացիք արգելք չլինեին իրանց։

Թագավորի հրամանով իշխանները դուրս գնացին, որպեսզի հավատարիմներին հարկ եղած հրահանգները տան։

Երեկոյան դեմ մի քանի եգերացի գնդեր բերդի պարիսպներից իջնելով` դեպի խորաձորն իջան։ Այդ շարժումը Գևորգ իշխանի ուշադրությունը գրավեց։ «Ուրեմն համաձայնություն է կայացել թշնամու և եգերացիների մեջ», մտածեց նա ինքն իրան` ենթադրելով, թե վերջինները, երևի, սկսում են արդեն թշնամու բանակն իջնել։