Էջ:Muratsan, vol. 4.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործիները չմոտեցնեն այն տեղերին, որ ցանկալի էր, այսինքն` ուր որ դարան էին լարել իրանք։ Այս պատճառով ինչպես նախընթաց, նույնպես և այդ օրը հայ զինվորները չմոտեցան պարսպի ա՛յն մասին, որ ամենից թույլն ու դյուրամատույցն էր, կամենալով մոլորեցնել թշնամուն։ Իսկ վերջինս, որ օր առաջ արդեն նկատել էր ինչպես այդտեղի հարմարությունը` աշտարակից կամուրջ ձգելու համար, նույնպես և այն, որ զորքերը չեն պաշտպանում այդ մասը, եկել էո այն եզրակացության, թե ներսից ուրեմն կռվան չունի պատվարը և այդ է պատճառը, որ զորք չէ կանգնում այդտեղ։ Ուստի շուտով եռահարկյան մարտկոցը անիվների վրա տատանելով սկսավ մոտենալ պարսպի այդ մասին։ Պաշարյալների ուրախությանը չափ չկար։ Որովհետև նա կանգ պիտի առներ հենց այնտեղի վրա, ուր իրանք փորել էին ընդարձակ գետնափոր, որի վերին երեսը պահպանվում էր ներսից զարկած և հենարանների վրա հաստատած մի տախտակամածով։ Այդ գետնափորի մեջ տեղ֊տեղ դարսված էին նավթով թաթախուն խռիվ ու խրծիկներ։ Եթե աշտարակը կանգնեցնեին գետնափորի վրա, իրանք հենարանները հանելով տախտակամածը պիտի քանդեին։ Այդպիսով հողի ծածկը աշտարակի ծանրության չդիմանալով` պիտի փլչեր, որով և մարտկոցը վայրահակ կործաներ։ Այնուհետև խոտն ու խռիվը կրակելով` պիտի այրեին նաև աշտարակը։

Պաշարյալների ակնկալությունն ի դերև չելավ։ Փայտակերտ մարտկոցը կանգնեցրին պարսպի դյուրամատույց տեղի մոտ, իսկ և իսկ գետնափորի վրա։ Հագարացիների մարտիկները աշտարակը մտնելով իրանց գործն սկսան։ Նրա ներքին հարկից սակրերով ու նիգերով փորփրում էին պարսպի հիմքը։ Երկրորդ հարկից` փոքրիկ խոյերով խախտում էին նրա պրգունքի քարերը։ Այդ երկու բաժանման աշխատավորներին պաշտպանում էր պաշարյալների հարվածներից տամուկ կաշով պատած հաստ տախտակամածը, որ երկրորդ հարկի հատակից բացվելով` կառչում էր պարսպին և այդպիսով ծածկում պարսպահարներին։

Հայ զորքերի մի ստվար խումբ վազեց իսկույն աշտարակի կողմը և սկսավ կռիվ մղել նրա երրորդ հարկի մարտիկների