Էջ:Muratsan, vol. 5.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագավորի առաջ և աղաչեցին որ շահը հաճի փոխել հանցավորի պատիժը դրամական տուգանքի (ինչպես նա անում էր հաճախ), և այդ տուգանքը հանձն էին առնում վճարել իրենց սեփականությունից։

Նույնը խնդրեցին նաև հարուստ խոջաները։

Չնայելով որ նմանօրինակ խնդիրներ լսելը և այնոնց կատարելը սովորական էր շահի համար (ըստ որում նա շատ անգամ բանտարկում ու պատուհասում էր՝ միայն ևեթ տուգանքներ կորզելու նպատակով), այսուամենայնիվ մելիքների խնդիրը նա անտես արավ այս անգամ։

— Հանցավորը պիտի պատժվի, տուգանքը չի փրկիլ նրան,— գոչեց շահը բարկությամբ. և ապա սպառնալով՝ որ նոր խնդիր առաջարկողը անմիջապես կպատժվի, հրամայեց որ ամենքը իջնին ապարանքի առաջ բացվող հրապարակը՝ մեղապարտի կրելիք պատժին ներկայելու համար:

Ի՛նչ նոր պատիժ պիտի կրեր երեցը, խնդրարկու հայերը չգիտեին. բայց և այնպես, նրանցից ոչ ոք ձայն հանել չիշխեց։ Թագավորն յուր հետևորդներով դուրս ելավ պատշգամբը, որ նայում էր հիշյալ հրապարակի վրա, իսկ հայ երևելիները իջան նույն տեղը՝ իրենց անվան հասանելիք նախատինքը տեսնելու։

Այն միջոցին որ շահը երևաց դրսում, հրապարակն ամբողջապես լցված էր ժողովրդով։ Որովհետև ագուլեցիք տեսնելով տեր֊Անդրեասին շահի դուռը բերելիս, հետևել էին նրան գունդագունդ: Շատերն էլ առաջուց ժողովված այդտեղ՝ սպասում էին պատգամավոր հայերի միջնորդության հետևանքին։

Շահը գոհ եղավ այդ բազմությունը տեսնելով, որովհետև ցանկանում էր որ տրվելիք պատիժը երկյուղ ազդե շատերին: Բայց ժողովուրդը ուրիշ նորության էր սպասում։ Նա կարծում էր թե՝ շահը հարգելով հայ մեծամեծների միջնորդությունը, բերել է տվել երեցին՝ որպեսզի նրան ներումն շնորհե հրապարակավ։

Եվ ահա պատշգամբից շահի ձայնը լսվեցավ։ Նա հրամայեց մոտ բերել հանցավորին։

Տեր- Անդրեասն առաջ անցավ։ Նրա տխուր դալկահար