Էջ:Muratsan, vol. 5.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանեց ծերունին լալաձայն,— աստված չէ զրկել քեզ որդիներից և դու կարող ես չափել մի թշվառ հոր կսկիծը, երբ նա տեսնում է յուր առաջ սիրած որդուն գետնատարած, անգութ հարվածների տակ հեծելիս... Գթա, տեր արքա, ապաբախտ հոր արտասուքներին. ազատիր որդուս դահիճների ձեռքից. բավ համարիր նրան յուր տառապանքները և աստված կօրհնե քեզ քո գթասրտության համար...:

— Դադարեցրեք,— հրամայեց շահը դահիճներին. ապա դառնալով ծերունուն՝ ասաց.— կամակոր որդի ես ծնել և անհնազանդության վարժեցրել. արժանի ես, ուրեմն, այն կսկծին, որ կրում ես ահա ծերությանդ օրերում...: Բայց եթե, արդարև, ծանր է քո կսկիծը, գնա, մոտեցիր որդուդ և խրատե նրան իմ հրամանը կատարել. թող նա յուր մոլար կրոնը թողնելով՝ դառնա Մահմեդի ուղիղ հավատին: Այն ժամանակ ես նրան ոչ միայն կրելիք պատիժներից կազատեմ, այլև կհասցնեմ մեծ պատվի ու փառքի. իմ իշխաններից մեծագույնին կփեսայացնեմ և իմ արքունիքում պաշտոնատար կկարգեմ:

Ծերունին գլուխը խոնարհեց:

— Հա, ի՞նչ ես ասում. ընդունո՞ւմ ես պայմանս թե ոչ:

— Տեր արքա, խնայիր իմ ծերությանը, աղաչում եմ. խնայիր անզոր ծնողին. թախանձեց ծերունին արտասուքը զառամած այտերի վրա ծորելով։

— Չլսեցի՞ր ինչ ասացի, ծերուկ,— բարկացավ շահը։

— Լսեցի, տեր իմ, բայց...։

— Ի՞նչ։

— Անհնարին պայման է առաջարկածդ...

— Թշվառական... ինչպե՞ս ես ուրեմն համարձակվում ներումն հայցել։

— Աստված, որ զրկել է մեզ ամեն իրավունքներից, թողել է գեթ մի մխիթարություն, տեր արքա. այդ խնդրելու և հայցելու իրավունքն է. մի՛ կապտիր այն մեզանից,— մի՛ զրկիր մեզ այդ միակ...

— Շատախոսում ես, ծերուկ,— ընդհատեց թագավորը, — գնա, համոզիր որդուդ կատարել իմ հրամանը, ես խնայում եմ նրա երիտասարդությանն և առնական գեղեցկությանը