Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիշերի գեղեցիկ ներդաշնակությունը խանգարելուն: Երբ մենք մտանք այգին, երաժշտությունը արդեն թնդում էր նրա մի ծայրում: «Երևի պարերը սկսված են» մտածեցի ես, և զարմացա, որ այդքան շուտ են սկսում այստեղ պարերը:

Վերջապես մոտեցանք ժողովարանին: Նա ներսից և դրսից աչք շլացնելու չափ լուսավորված էր: Մեծ և լայն պատուհաններից արդեն նշմարվում էր ալեկոծյալ բազմությունը յուր խայտաբղետ շարժումներով:

Մենք ներս մտանք: Հյուրերը վալս էին պարում: Գեղեցիկ տիկիններ, նորատի օրիորդներ, պճնված նորագույն տարազով և կպած քնքշասեր ասպետների կրծքին, անընդհատ թռթռում և պտույտներ էին անում ընդարձակ դահլիճի մեջ, քարշ տալով իրենց ետևից շրջազգեստների հարուստ և փառահեղ տուտերը և տոգորելով ամբողջ սրահի օդը իրենց պաճուճանքների անուշահոտությանց բուրմունքով։ Պարերի այդ արագաշարժ թռույցքներով նրանք նմանուն էին գեղեցիկ նայադների խմբին, որոնք ծաղկեպսակ և սիրաժպիտ, խաղալով զեփյուռների հետ, դիմավորում են գարնան:

Տեսարանը գեղեցիկ և գրավիչ էր: Բայց գրկախառնյալ վալսը ինձ վերա լավ տպավորություն չարավ: Պարող զույգերի մեջ ես պտրտում էի Մարգարիտային նախանձահույզ աչքերով: Ես կամենում էի տեսնել թե առավոտյան լրջամիտ և սեր ու սիրտ արհամմարհող օրիոդը ինչպես է զվարճանում այս խառնիճաղանճ ամբոխի մեջ և որ ավելին է՝ թե նա ինչ ասպետի հետ է գրկախառնված:

Բայց իզուր էի ես սպասում: Մարգարիտան չերևաց պարողների մեջ: Այս հանգամանքը թեպետ մի կողմից ներքին ուրախություն պատճառեց ինձ, բայց մյուս կողմից էլ տխրեցրեց, որովհետև դահլիճի և ոչ մի խմբակի մեջ չտեսի նրան։

—Մարգարիտան այստեղ չէ,— ասացի քրոջս, — դու ինձ սխալեցրիր։

—Անցիր հանդիպակաց դռնով, մտիր երրորդ սենյակը, նա անշուշտ ընթերցարանում կլինի, — ծիծաղելով պատասխանեց քույրս։

Ես գնացի դեպի նշանակյալ սենյակը, և ո՜վ զարմանք․