Էջ:Muratsan, vol. 1.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տարիներ, և նրանք ունեցան դարձյալ երեք տղա զավակներ: Նրանից յուրաքանչյուրի աշխարհ գալովն նորանոր ուրախություններ էին ավելանում նրանց համար: Մյուս կսղմից էլ հետզհետե բարվոքվում էր նրանց նյութական վիճակը: Գրիգորը յուր ամուսնության տասներեքերորդ տարում, յուր և ամուսնու խնայողության շնորհիվ, արդեն ուներ մի երեք հազար ռուբլի, մի գումար, որ արհեստավորի հարստություն է համարվում:

Այժմ նրանց ոչինչ չէր պակասում: Երկու ամուսինները շատ անգամ նայում էին իրանց շուրջը, և երբ տեսնում էին հրեշտակի պես գեղեցիկ մետասանամյա դուստրը, երեք սիրուն և կայտառ տղաները և այս բոլորի հետ հիշում էին իրանց անկարոտ վիճակը հրճվում և փառք էին տալիս աստծուն: Ամբողջ 13 տարի նրանց ամուսնությունից ետ դեռ մի դժգոհություն կամ գժտություն չէր խռովել նրանց ընտանեկան խաղաղությունը և երկու ամոլներից ոչ մեկի անախորժ վարմունքը չէր կնճռել մյուսի ճակատը:

Դրացիները երանում էին նրանց, և ով որ ճանաչում էր մանավանդ նրանց առտնին կյանքը, համոզվում էր, որ նրանք երջանիկ էին...

Բայց, կարծես թե այդ երջանկությունը հասել էր յուր կյանքի լրման, և նա տեղի պիտի տար իրանից միշտ անբաժան, բայց և միշտ ատելի ընկերին՝ թշվառությանը։

187… թվականի հունվար առաջին օրն էր։ Այդ օրը մեր երջանիկ ամուսինները ուղջունում էին իրենց ամուսնության տասն և չորրորդ տարին։ Կեսօրին մոտ էր։ Գրիգորը վերջացնելով յուր նոր տարվա առթիվ տված այցելությունները դարձավ տուն։ Նախընթաց օրը տեղի ունեցած պայմանադրության համաձայն, այսօր Գրիգորի մոտ պետք է ճաշեին յուր համարվեստ բարեկամները։ Մարիամը բոլոր հարկ եղած պատրաստությունները տեսել էր յուր ամուսնու հյուրերին պատվելու համար։ Չնայելով որ օրը պահոց էր, այնուամենայնիվ նրա խոհանոցը արտադրել էր կերակուրների մի քանի տեսակները։ Մի քանի աննշան պակասություններ էլ Գրիգորի արած նկատողություններովը լրացան, և այժմ նրանք անհամբեր սպասում էին հյուրերի գալստյան։