Կեսօրը լրացավ թէ չէ, Գրիգորի բարեկամները խոսելով ու ծիխաղելով խմբովին ներս թափվեցան տան բակը: Սրանք բոլոր էլ հոգվոր ամենաուրախ տրամադրության մեջ էին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը յուր այցելությանց ժամանակ առնվազն մի հինգ բաժակ օղի վայելած էր: Կենաց ջրի այնպիսի մի քանակությունը բավական է արհեստավորին մոռացնելու տալու աշխարհի մեջ թշվառությունների գոյությունը:
—Գրիգո՛ր, քեզ համար մի նոր հյուր եմ բերել,— զվարթ ձայնով կանչեց նրա արհեստակիցներից մեկը:
—Գլխիս վերա տեղ ունի, Կարո ջան, որքան շատ, այնքան լավ, պատասխանեց Գրիգորը:
—Գլխիդ վերա տեղ չկա, գլուխդ քեզ լինի, սենյակիդ մեջ տեղ տուր մեզ, ծիծաղելով պատասխանեց Կարոն և ներկայացրավ նրան յուր բերած հյուրին:
Գրիգորը սեղմեց երկուսի ձեռները:
Գրիգոր, ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, մոտենալով հարցրավ նրան մի կարճահասակ և թխադեմ երիտասարդ:
—Ի՞նչպես չէ, մեր կնքահորենց Ավետիքն է. ինչու՞ չճանաչեմ:
—Տեսա՞ր, որ չճանաչեցիր:
—Ի՞նչպես թէ չճանաչեցի, աչքերս խո գրավ չեմ դրել:
—Իհարկե չճանաչեցիր,— խմբի միջից ձայն տվավ վարպետ Օհանեսը, որի գլուխը բավականին մեծ ծավալ է բռնում յուր ուսերի վերա:
—Եղբայրներ, եթե մեզանից մեկը հարբած է, այդ ես չեմ, դուք էլ գիտեք որ ես օղի չեմ խմում,— պատասխանեց Գրիգորը մի փոքր վրդովված:
—Ի՞նչ եք կռվում,— մեջ մտավ քթատ Համբարձումը, որին կարճ քիթ ունենալուն համար այդ անունով էին կոչում,— երեքդ էլ միմյանց չեք հասկանում: Եղբայր,— դարձավ նա դեպի Գրիգորը, հաշտեցուցիչ, համոզիչ ձայնով,— դու գիտես, որ մեր Կարոն լուրթերական է, է՛հ, Ավետիքն էլ սրա վարժապետն է: Հիմա սրանք որ հարցնում են, թէ ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, կամենում են ասել՝