ես տկար եմ, և այստեղ օդը կարող է ինձ վնասել, — ասացի ես բանտապետին։
—Սա ամենից մաքուրն է,— պատասխանեց բանտապետը, — իսկ ձեր տկարության հարցի մեջ մենք խառնվելու իրավունք չունենք։ Երևի բավական առողջ եք, որ բանտարկության արժանի հանցաք եք գործել։
—Դուք շատ վատ գաղափարներ ունիք ինձ վերա, պ․ բանտապետ, թույլ տվեք, որ պատմեմ ձեզ ինձ այստեղ բարելուն պատճառը, և դուք քաջահույս եմ, կկարեկցեք ինձ։
—Օ՜, դա բոլորովին ավելորդ է․ եթե ես ամեն մի բանտարկյալի պատմությունը լսելու լինեմ, ճաշելու համար ինձ ժամանակ չի մնալ․ բարհաճեցեք հանգստանալու ձեր խուցում, դա ավելի օգուտ է ձեզ։ Դեռ փառք տվեք աստծուն, որ ձեր քունը ոչ ոք չէ խանգարելու։
Ես այլևս ընդդիմանալ չկարողացա․ ներս մտի ինձ սպասող խուցը և դուռը վրաս փակվեցավ։
Ես արդեն բանտարկված էի։
Առաջին մի քանի վայրկյանները թեթև կերպով անցան։ Իմ վիճակի ծանրությունը դեռ այնքան զգալի չէր ինձ։ Միայն տխրեցա շատ իմ ճգնարանի անմաքրությունը և օդի ապականությունը տեսնելով։ Սա մի փոքրիկ և նեղ սենյակ էր, գրեթե առաստաղին կպած մի պատուհանով և աղյուսե հատակով։ Խոնավությունից սևացած կամարակապի վերա կախված էին բյուրավոր սարդի ոստայներ, որոնք կանթեղի աղոտ լույսի առաջ մի զզվելի պատկեր էին ներկայացնում։ Իսկ այս բոլորից հառաջացած գարշահոտությունը խառնելով կանթեղի մեջ վառվող նավթի ծուխի հետ, մի անտանելի և խեղդող մթնոլորտ էին ստեղծում այդ դժոխային խուցի մեջ։
Այստեղ ի՛հարկե ո՛չ քնել կարելի էր և ո՛չ արթուն մնալ։ Եթե օդը գոնե մաքուր լիներ, մյուս անմաքրությունների վերա ուշադրություն չեն դարձնիլ, իսկ դրա համար էլ հարկավոր էր, որ պատուհանը կարողանայի բանալ, բայց նա չափից դուրս բարձր էր շինված։
Վերջապես մտածեցի դիմել պահապանին և սենյակիս