Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ես մոռացա այդ հագուստի մասին խոսել ձեզ հետ: Ասացեք խնդրեմ մի՞թե ձեր ծառան քահանա պիտի շինեք:

—Ասա՛, ասա՛, ինչ հագուստ ուներ:

—Օ՜, շատ ծիծաղելի հագուստ. մի երկար լոդիկ. մի մոլականի գդակ... մի... հա՛ էլ ուրիշ բան չուներ:

—Դա Կլեմեսն է եղել, — շշնջաց ինձ Մարգարիտան:

—Գուշակությունդ սխալ չէ, — պատասխանեցի ես և ապա դառնալով նավավարին հարցրի.

——Ի՞նչ խոսեց քեզ հետ մեր ծառան:

—Ոչինչ. նա հարցնում էր թե քանիսո՞վ է վարձել քեզ մեր աղան, թե ինչ ճանապարհով պետք է ես տանեի ձեզ նավահանգիստը, թե ինչու՞ համար անպատճառ այս ճանապարհովը պետք է ես ձեզ տանեի և ոչ թե ուղղակի նավամատույցի կամուրջից և այլն:

—Իսկ դու ի՞նչ պատասխանեցիր նրան:

—Ինչ որ գիտեք, ինչ որ ինձ ասել էր ձեր մեծ աղան, պատասխանեց նավաստին և ապա կրկին սկսվավ երգել:

—Բռնեցանք. ուրեմն շոգենավում մեզ սպասում են, խոսեց Մարգարիտան և շրթունքները ատամների մեջ սեղմելով կպավ իմ կրծքին:

—Հանգիստ եղիր, հոգյակս, մեզ ոչ ոք չի արգելի մենք կերթանք,— սիրտ էի տալիս ես Մարգարիտային, բայց նա կարծես չէր լսում ինձ. նավավարի հայտնությունները նրա հոգին խռովել և ուղեղը շփոթեցրել էին:

Բայց էլ ինչ կարող էինք անել. հետ դառնալ անհարին էր պիտի շարունակեինք մեր ճանապարհը՝ դեպի կորուստ կամ դեպի ազատություն...

Այն միջոցին երբ ես աշխատում էի Մարգարտայի սրտապնեդել, շոգենավը սուլեց: Նրա սուր առաձգական ձայնը, որ միգապատ ալիքների վերա մի տեսակ տխուր հագագներով էր հնչվում, սթափեցրեց իսկույն Մարգարիտային և նա շտապ-շտապ ուղղվելով նստարանի վերա.

—Գնանք, շտապենք,— ասաց,—շոգենավը արդեն առաջին նշանը տվավ:

Ես էլ ոչինչ չխոսեցի, այլ թիերը ձեռս առնելով սկսա օգնել նավաստիին նավակը առաջ վարելու: