անձնավորություններ են, նույնիսկ ամբաստանությունը պարունակում է յուր մեջ անհերքելի փաստեր և ապացույցներ։ Ամբաստանության մեջ ասված է, որ դուք մի փախստական եք և խռովարար: Առաջինը հաստատում եք ինքներդ չկարողանալով ներկայացնել մեզ ձեր անցաթուղթը, որի համար մի ժամ առաջ ասում էիք, թե` ունիմ։ Երկրորդ ամբաստանության համար էլ դեռ անկորուստ մնում են այն արձանագրությունները, որոնք վկայում են հասարակաց տան մեջ ձեր գործած սկանդալները, մի պատվավոր ընտանիքի աղջկան մոլորեցնելը և նրան վտանգավոր նավարկությամբ փախցնել կամենալը… և այլն։ Ձեր առաջին հանցանքը ես ներեցի ի շնորհս իմ մի հարգելի բարեկամին։ Վերջինի համար ես չեմ կարող ներողամիտ լինել, մանավանդ որ պաշտոնական ամբաստանագրով երեք պատվելի անձնավորություններ դատ են պահանջում ինձանից:
Ոստիկանապետը որքան խիստ, նույնչափ էլ դյուրահավատ մարդ էր երևում ինձ. ես սկսա սկզբից մինչև վերջը պատմել նրան իմ գլխով անցածները։ Այսպիսի գավառական քաղաքներում առհասարակ վարչությանց գլուխները ավելի ժամանակ և հոժարություն են ունենում լսելու։ Մեր ոստիկանապետը դեռ մի քիչ էլ ավելի ուներ։ Հետևապես նա լսեց ինձ ոչ միայն համբերությամբ, այլև մեծ զվարճությամբ։
Երբ ես վերջացրի, նա ծալեց յուր առաջ դրած ամբաստանագիրը և դնելով սեղանի մի անկյունում ասաց.
— Այս թուղթը մենք կընդունենք իբրև մի զրպարտություն. և նրա վերա ուշրադրություն չենք դարձնիլ, որովհետև նրա մեջ հիշված ամբաստանությունները դուք կարող եք հերքել նույնիսկ դատաստանի առաջ, բայց ի՞նչ կարող եմ անել ես ձեր անցաթղթի համար։ Ճշմարիտ է, ես հավատում եմ, որ նա կորած է, Բայց օրենքի առաջ իմ հավատը նշանակություն չունի։ Նա պահանջում է, որ անցաթուղթ չունեցողներն հետիոտն իրենց հայրենիքը ուղարկվին: Ձեր հակառակորդները շատ ճարպիկ են շարժել և օրենքի այդ տրամադրության համաձայն կպահանջեն ինձանից օրինաց ճշտիվ գործադրությունը։ Ես չեմ կարող նրանց պահանջը չկատարել, որովհետև ինձ տերությունն է կերակրում, և ես