Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես քեզ համար այնպես լավ աղջիկ կուզեմ, որ դու իրեն կսիրես, ինքը քեզ։ Ի՞նչ ունիս դու գերմանացու աղջկա հետ. դու հայ ես, օտարի հետ խո չե՞ս պսակվելու»։ Թամարը շատ լավ էր ասում, բայց որդու սրտից չէր խոսում։

— Մայրիկ, կարծում ես, թե ես նորա համար եմ մտածում,— պատասխանում է Գևորգը,— թե ինչու՞ Գուստավի աղջիկն ինձ չէ սիրում, բնա՛վ, ինձ տանջում է միայն այն բանր, թե ինչու՞ մենք աղքատ ենք, որ մի փականագործի աղջիկ ինձ վերա ծիծաղի և Սոմարյանցի ծառան այդքան կոպտությամբ գոռա ինձ վերա։ Ահա այս է ինձ սպանողը։ Ես տեսնում եմ, թե արհեստավորը որքան ողորմելի մարդ է աշխարհի մեջ։ Եվ եթե դուք թողնեիք ինձ գործակատար լինել... Այստեղ Գևորգն այլևս չկարողացավ իրեն պահել և ըսկսավ լալ։

— Դատարկ բաների վերա ես մտածում, որդի,— շարունակեց մայրը,— արհեստը ոսկի պարապմունք է. այդ պարապմունքով էլ դու մարդ կդառնաս և պատիվ կվաստակես, եթե միայն կամենաս։ Տեսնո՞ւմ ես, այն ծերունի Գուստավը քեզ օրինակ։ Չէ՞ որ նա էլ առաջ քեզ պես մի խեղճ գործավոր է եղել, իսկ այսօր մի ամբողջ գործարան ունի։ Այս ասելով Թամարը վեր կացավ և բերավ որդու համար վաղուց արդեն պատրաստ ընթրիքը, որը բաղկանում էր մի կտոր սառած մսից, պանրից և սև հացից։

Գևորգը, չնայելով իր ներքին վրդովմանցը, շատ ախորժակով ընթրեց։ Եվ երբ վերջացրավ, վեր առավ յուր սրինգը և դուրս գնաց բակը:

Գեղեցիկ և լուսնկա գիշեր էր։

Գևորգի դրացուհիները` կանայք և աղջիկներ, դուրս էին եկել կտուրների վերա և թամաշա էին անում Սոմարյանցի տան մեջ եռացող խնջույքին։ Բայց Գևորգին Սոմարյանցի տունը չէր գրավում, նրա սիրտն ուրիշ ցավ էր տանջում։ Նա նստավ բակի մեծ տանձենու տակ, մի կոճղի վրա, որ նայում էր ուղիղ Սոմարյանցի տան լուսավորված դահլիճին և սկսավ մեղմ և քաղցր ձայնով երգել «Զրկված սիրահարի» տխուր երգը: