Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թրջեցիր, — բարկությամբ գոշեց Սոմարյանցը և սեղանից անձեռոցը վերցնելով, սրբեց Գևորգի շորերը։

Սպասավորի շնորհալի բարերարությունը և Սոմարյանցի ու հյուրերի աղաղակը սթափեցրին Գևորգին թմրությունից։ Նա իսկույն բարձրացավ աթոռից և շփոթված սկսեց ուղղել յուր հագուստները։

— Ի՞նչ պատահեց քեզ, ո՛րդի,— հարցրեց նրան Սոմարյանցը,— ինչո՞ւ այդպես դարձար։

— Ոչի՛նչ, գլուխս մի փոքր պտույտ եկավ,— աչքերը գետնին գցած պատասխանեց Գևորգը։

— Ոչի՛նչ, ոչի՛նչ, կա՛նցնե, շուտով կանցնե, — գոչեց մյուս կողմից սեղանապետը, և մոտենալով բռնեց նրա ձեռքից և նստեցրեց յուր կողքին։

— Այժմ դեռ պետք է մեր սեղանից մի բան վայելես, հետո մեր հյուրերի կենացը կխմես, և հետո մեզ համար կերգես. այնպես չէ՞։ Դե, սկսիր առաջին գործդ, — ասաց նրան սեղանապետը և հրամեցրեց նրան հատկապես սեղանապետի համար պատրաստված կարկանդակը։

Գևորգը սաստիկ ամաչում էր։ Յուր կյանքում նա առաջին անգամն էր արժանանում այսպիսի բարձրաստիճան հյուրերի ուշադրության։ Ուստի և նա ոչինչ չկարողացավ ճաշակել. ամոթից քրտինքը վազում էր նրա ճակատի վերա։

—Պարոն սեղանապե՛տ, դուք շատ քնքշաբար եք վարվում իմ դրացու հետ, — նկատեց Սոմարյանցը, — ինձ թողեք նորա մտերմությունը վաստակել: — Այ» ասելով նա մոտեցավ Գևորգին, կտրեց կարկանդակից մի մեծ կտոր և սկսավ զոռով խրել Գևորգի բերանը: էլ այժմ ազատում չկար, պետք էր վայելել այդ անիծյալ կարկանդակը։ Եվ Գևորգը հնազանդվեցավ յուր ճակատագրին։ Բայց դեռ վերջին պատառը չեր անցել նրա կոկորդից, և ահա՛ սեղանապետը մոտեցրեց նրան գինվո ահագին բաժակը։

— Ես գինի չեմ խմում, պարոն սեղանապետ, — համենտությամբ նկատեց պատանին և բաժակը հեռացրեց իրենից է:

— Այդ անկարելի է,— գոչեց սեղանապետը յուր բոլոր սեղանապետական արժանավորությամբ,— դու պետք է մեր հյուրերի կենացը խմես։