ընդունելությունը, հյուրերի յուր մասին խոսածները, վերջապես, իրեն Պետերբուրգ ղրկելու համար ստորագրությամբ փող ժողովելը և այլն, և այլն։
Թամարը մնացել էր ապշած. նա չէր կարողանում յուր ականջներին հավատալ։ «Սոմարյա՞նց և դարբին Ղազարի որդին. իմ Գևորգը, և Պետերբուրգ։ Ոչինչ չեմ հասկանում ... — շշնջում էր ինքն իրեն խեղճ կինը։ Բայց երբ Գևորգը սկսեց նորան հավատացնել, որ յուր բոլոր պատմածները ճիշտ է և այդ պատճառով էլ ինքն այս գիշեր տանը չէ քնել, որի ապացույցը յուր անձեռնամուխ անկողինն է, Թամարը սկսեց ուրախությունից լալ։ Նա գրկեց որդուն, սեղմեց յուր կրծքին և երկար համբուրում էր նրան։
Երբ մոր և որդու հուզմունքը մի փոքր մեղմացավ, Թամարը հարցրեց. — «Այժմ ի՞նչ ես կամենում անել, որդի»:
—Ի՞նչ պիտի անեմ, պետք է գնամ Գուստավի մոտ և հայտնեմ նրան, որ թողնում եմ յուր գործարանը:
—Բայց մի՞թե այդպես շտապավ:
Իհարկե, մայրիկ։ Պարոն բժիշկն ինձ պատվիրեց, որ այսօր անպատճառ թողնեմ իմ այդ կեղտոտ արհեստը և պատրաստվեմ Պետերբուրգ գնալու համար։ Պատրաստվելու համար էլ քիչ ժամանակ չէ հարկավոր:
—Բայց թե քո պաշտոնը այդտեղ թողնես և հետո քեզ չուղարկե՞ն, այն ժամանակ ի՞նչ կլինի մեր ճարը, Գուստավն էլ քեզ չի ընդունիլ...
— Հա՜, հա՜, հա՜ , հա՜, ի՞նչ միամիտ ես, մայրիկ,— լիքը բերանով ծիծաղեց Գևորգը,— Սոմարյանցին, Տանպետյանից կամ թե նոցա մյուս պատվավոր հյուրերին, դու հավասարեցնում ես մեր աղքատ Ալեքսին ու Սանդրոյին, էլի՞: Հիանալի է, հիանալի, հա՜, հա՜, հա՜ , հա՜ ,— և ուրախ ձայնով կրկին Գևորգն սկսավ կարկաչել:
— Ինչու՞ համար ես ծիծաղում, որդի։ Մի՞թե չէ կարող պատահել, որ այսօր քեզ խոստանան և վաղը չկատարեն:
— է՜, է՜, սիրելի մայրիկ, շատ միամիտ ես։ Դու մեծ մարդիկներին չես ճանաչում, նոցա տված խոսքն ու գլուխը մեկ է։ Վերջապես ինչպե՞ս կարող են չկատարել. կատարել