Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս էլ գալիս համոզելու համար, որ ինքը չէ խռովարարը, այլ այն ֆարմասոնն է, որ ուր մտնում է երկպառակտություն և բաժանումն է գցում, այսուամենայնիվ նրա ճիգը զուր անցավ, սենյակի դուռը վերան փակվեցավ և նա ստիպված էր ժողովի վճիռը կատարելու համար կամա– ակամա այդտեղ քնանալու։

Քարոզիչը այժմ ազատ շունչ քաշեց։

—Ահա սիրելի եղբայրներս,— նորեն սկսավ նա խոսել՝ երբ խռովարարը մեջտեղից բարձվեցավ,— ձեր հոգևոր հայրերը այսպես են խնամում իրենց հանձնված հոտի անդամները։ Դուք մեզ ավետարանական ու ֆարմասոն անվանելով մեզ վրա ծիծաղում եք, բայց մեր «եղբայրների» մեջ այստեղ խռովարար մարդիկներ չեն կարող գտնիլ, նրանք միշտ հեզ են, ողորմած, աղքատասեր, միով բանիվ այնպես՝ ինչպես հրամայում է նրանց լինել մեր Տերը։ Եվ մենք մեր Տիրոջ սուրբ կամքից երբեք չենք շեղվում։

Այնուհետև քարոզիչը նորեն դարձավ պասին, սուրբերին, պատկերներին և մեր եկեղեցու զանազան արարողությանց և ծեսերին։ Երկար ու բարակ խոսեց և ըստ կամաց հազար ու մի սուտ ու սխալ բացատրություններ տվավ այդ ամենի համար։ Հետո հա յուր կարծիքով այնքան պակասություններ գտավ մեր հոգևոր հայրերի մեջ, այնքան թերություններ մեր կրոնի և եկեղեցու մեջ, որ յուր ունկնդիրներից մի քանիսին, ի միջիայլոց և ոսկերիչ Գրիգորին, համոզեց, որ իրանք բոլորն էլ մոլորյալ ոչխարներ են, արդեն դժողքի համար պատրաստված, որովհետև արքայություն մտնելու համար նորեն պետք է «եղբայրություն» ընդունեին, այլապես անհնար էր։

Քարոզիչը յուր բոլոր խոսակցության ժամանակ աշխատում էր խեղճ և տգետ արհեստավորների առաջ այնպիսի բաներ խոսել, որոնց հետ վերջիններս շատ ծանոթ էին, և որովհետև այդ խեղճ մարդիկը նրա ասածների միմիայն երեսն էին տեսնում, առանց խորը թափանցել կարողանալու և մանամանդ, որ սա կրկնում էր մեր այն թերությունների մասին, որոնց մենք ինքներս շատ անգամ հարվածում ենք, այս հանգամանքը մանամանդ օգնում էր, որ մի քանիսը բոլորովին հափշտակվել էին յուրմով։ Ինչ վերաբերում է