Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազկաթոռ, որ երկու իրար կից նստատեղիներ ուներ․ նրանցից մեկի վրա նստեց երիտասարդ տանուտերը և յուր կողքին էլ քնքշաբար նստեցրեց Ելենյին։ Եվ նրանք սկսեցին ընթրել։

Ծառան հետզհետե ներս էր բերում զանազան համեղ խորտիկներ և Սամվելն ամեն մեկից յուր ձեռքովն էր բաժին վերցնում յուր գեղեցիկ հյուրի համար։ Ելենան սկզբում ամաչում էր և քաշվելով էր ուտում․ բայց մի երկու բաժակ շամպանիան, որ երիտասարդ տանուտերը զոռով խմացրեց նրան, բացավ նրա երեսը։ Նա մինչև անգամ սկսավ ազատ խոսել և ծիծաղել յուր ապագա ամուսնու հետ։

Գինին ընդհանրապես բարերար ազդեցություն է անում ամաչկոտ և մանավանդ տխրազգաց մարդիկների վրա։ Նա համր լեզուների և անխոս շրթունքների հրաշալի բանալին է։ Նրա շնորհիվ կարելի է կարդալ սրտերի մեջ այն ամենն, ինչ որ լրջությունը ծածկում, թաքցնում է։ Նույնիսկ ամենագործնական մարդիկը, որոնք իրենց գոյությունը պահպանելու համար միշտ շողոքորթում և կեղծավորում են, դարձյալ չեն կարողանում մի քանի ժամ անկեղծ չլինել՝ այս հրաշալի նեկտարը որոշ չափով իրենց մեջ հյուրընկալելուց հետո։ Գինու համար առանձին աստված չստեղծելով, աստվածաբանական մի մեծ սխալ գործած կլիներ հին դիցապաշտ աշխարհը․ բայց Բաքոսի անունը և նրա երբեմն գոյություն ունեցող հոյակապ տաճարները, ապացուցանում են, որ մարդկությունը դեռ շատ հեռու անցյալում ճանաչում և պաշտում էր գինվո անմահ զորությունը։

Ահա՛ այս ամենակարող զորությունն էլ իրեն օգնության էր հրավիրել երիտասարդ Փուլշատյանը։ Նա հետզհետե լցնում էր Ելենայի բաժակը քաղցր և անուշահամ գինիով և զանազան ոգելից օշարակներով։ Օրիորդի կողմից ամենզորեղ ընդիմությունն էլ ապարդյուն էր անցնում․ Սամվելը նրան մերթ ստիպում, մերթ թախանձում էր և վերջ ի վերջո նա ստիպված էր լինում դատարկել բաժակը։

Ընթրիքը վերջանալու մոտ Սամվելը սկսեց երգել։ Նա շատ քաղցր և դուրեկան ձայն ուներ։ Այս վերջաբանը այնքան շատ դուր եկավ Ելենային, որ նա ինքը մինչև անգամ սկսեց