Էջ:Muratsan, vol. 1.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հետ խորհրդածելու համար, և Ելենան մնար միայն, դարձյալ տխուր մտատանջությունները պաշարեցին նրան։

«Այս ո՞րտեղ եմ ես, այս ի՞նչ եմ անում… — մտածում էր նա ինքն իրեն,— փախստական իմ ընկերուհիների միջից, ես նստել եմ մի օտարի տանը, օտար տղաների հետ, և քեֆ եմ անում… գինի եմ խմում, կենացներ եմ դատարկում… բայց իմ մայրը, իմ հայրը... ո՞ւր են նրանք, ո՞րտեղ են, չէ՞ որ ինձ են պտրտում… Եվ մի՞թե ես խելագարվել եմ, ո՞ւր եմ մնում այստեղ և մինչև ե՞րբ պիտի մնամ…»: Այս մտածմունքները նրան շատ վրդովեցին։ Նա վեր կացավ տեղից և դիմեց դեպի դահլիճի դուռը՝ դուրս գնալու դիտավորությամբ։ Հանկարծ նրա ականջին զարկեց Մարգարի ձայնը. նա այնպես բարձր էր խոսում, որ Ելենան որոշ կերպով լսեց հետևյաչ խոսքերը.

— Բայց գիտես ի՞նչ իրարանցում է եղել այսօր տիկին Բերնարի կարանոցում. Ելենայի ծնողները գնացել են այնտեղ, պահանջել են իրենց աղջիկը։

Տիկին Բերնարը նրանց հետ կռվել է. վերջը ոստիկանությունը հրավիրելով արձանագրություն է կազմել տվել՝ իբր թե նրանց պատժելու համար, որովհետև իրեն զրպարտել են։ Հենց այն ժամին, երբ ես անցնում էի կարանոցի առջևից, Ելենայի ծնողները նոր էին դուրս եկել տիկին Բերնարի մոտից. խեղճ մայրը այնպես էր լաց լինում, այնպես էր կոծում իրեն, որ ամբողջ փողոցը թափվել էր գլխին…—Ելենան այլևս սպասել չկարողացավ, նա արագությամբ բացավ դուռը և խելագարի նման ներս ընկավ դահլիճը։

— Այդ ինչե՞ր եք պատմում, այդ ինչե՞ր են պատահել, իմ ծնողները պտրտում են ինձ, նրանք լաց են լինում, նրանք ծեծում են իրենց… իսկ այդ բոլորը դուք թաքցում եք ինձանից… ա՜խ անգութներ, ինչու քնացրիք ինձ, ինչու՞ սպանում եք մեզ…

— Ի՞նչ է պատահել, Ելենա, հոգյակս․ ինչ բանից ես վրդովվել,— փաղաքշում էր նրան Սամվելը, իբր ոչինչ չիմանալով։

— Ինչ բանից… դեռ նո՞ր եք հարցնում, բայց ես բոլորը լսեցի... ի սեր աստծո, պարոն, ազատեցեք ինձ