այստեղից, տարեք ինձ իմ ծնողների մոտ. ես չեմ կարող ուշանալ, իմ շունչը կտրվում է, ես խելագարվում եմ... տարեք ինձ...
— Բայց ես այսպես ցերեկով քեզ հետ գնալ չեմ կարող, դա ամոթ բան է ինձ համար, սպասիր մութը մի փոքր կկոխե, այն ժամանակ ես կուղեկցեմ քեզ։
Ամոթ բան է... օ՜ o՜, ամոթ բան է ինձ հետ ման գալ, շատ լավ. ուրեմն ես միայնակ կերթամ. գոնե ցույց տվեք ինձ ձեր տանից դուրս գալու ճանապարհը։
— Բայց այժմ ո՞ւր ես գնում դու, գոնե մի երկու ժամ էլ սպասիր...
Ելենան թողեց Սամվելի խոսքը յուր բերանում և ինքը դուրս պրծավ դեպի պատշգամբը. այդտեղից այծյամի արագությամբ վար իջավ պարտեզը: Զբոսանքի ժամանակ նա այդտեղ նկատել էր մի գաղտնի դուռ, որ և յուր բախտից բաց գտավ:
Այդ դռնից նա դուրս փախավ և այլայլված սկսավ վազել մենավոր մի նեղ փողոցի մեջ:
— Ինչո՞ւ համար ծառաներից մեկին չես հրամայում ետ դարձնել նրան, — հարցրավ Մարգարը Սամվելից, երբ Ելենան իջավ պարտեզ։
— Ինչո՞ւ հարկ կա. թող ուր ուզում է գնա, — պատասխանեց Սամվելը, — այդպիսով նա իմ գործը դյուրացրավ. Իմ միակ ցանկությունն այն էր, որ այսօր քեզ նրա հետ ճաշ տայի իմ տանս, խոստումս կատարեցի և այժմ հանգիստ եմ։
ՃԳՆԱԺԱՄ
Հասնելով մի մեծ փողոց, Ելենան, դանդաղեցրավ յուր քայլերը, որպեսզի երագելով անցորդների ուշադրությունը չգրավե; Եվ թեպետ նրա վրա ոչ ոք մի առանձին ուշադրություն չէր դարձնում, բայց ինքն անդադար աջ, ձախ և ետ էր նայում: Նա կարծում էր, որ բոլորը գիտեն յուր արածը, որ բոլորը յուր վերա են խոսում... Նա մինչև անգամ յուր երևակայության մեջ լսում էր, թե ինչպես յուր ետևից ծաղրում են