Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ

Երեկ, այսինքն 1884 թվի օգոստոսի 12-ին, հինգ տարին լրացավ ա՛յն դժբախտ դեպքի, որ տեղի ունեցավ Վերայի այգիներից մինում։ Այս հինգ տարվա ընթացքում ս. Աստվածածնա տոնին Սերգոն և ոչ մի տեղ քեֆի չէր գնում, չնայելով որ յուր համփսոնները միշտ հրավիրում էին նրան։ Հիշյալ անցքը այնպես վատ էր ներգործել նրա վերա, որ յուրաքանչյուր տարի ս. Աստվածածնի օրը մի առանձին նախապաշարմունքով տանից դուրս չէր գալիս, նմանօրինակ դժբախտության չպատահելու համար։

Բայց երեկ յուր հարևան մի երիտասարդի թախանձանաց զիջանելով, նրա հետ միասին գնաց Խոջիվանքի գերեզմանատունը և չզղջաց։ Այդտեղ, ինչպես գիտեք, կա ս. Աստվածածնա անվամբ շինված մի հին եկեղեցի, ուր Աստվածածնա տոնին հավաքվում է ուխտավորների մեծ բազմություն, քաղաքի ամեն կողմերից։ Այսօր էլ անցյալ տարիներից պակաս չէր այդտեղ ուխտավորների թիվը։ Եկեղեցու բակը մի նորանշան կենդանություն էր ստացել։ Մի քանի տեղ կրակներ էին վառած և մատաղներ կամ կերակուրներ էին եփում։ Մի քանի տեղ էլ փոքրիկ վրաններ էին խփած, որոնցից մինի մեջ կանայք, աղջկերք և երեխաներ նստոտած ճաշում էին, մյուսի մեջ ընկեր, հարևան հավաքված զրույց էին անում, և մի երրորդի մեջ չգիտես ո՞ր խմբի համար զանազան պատրաստություններ էին տեսնում։ Մի ուրիշ տեղ մի քանի աշուղներ նստած ջոշ էին եկել, երգում էին, չունգուր էին ածում և հիացնում էին իրենց շրջապատող մշեցիներին և մշեցուհիներին։ Իսկ մի երկու տեղ էլ երիտասարդներից, երիտասարդուհիներից և հասակավոր կանանցից և երեխաներից շրջան կազմած դահիրա էին խփում, հարմոն էին ածում և հերթով լեզգինկա էին պարում։ Վերջապես եկեղեցու դռանն էլ նստած էր երիտասարդ-բարեպաշտ Մազմանյանը և եկեղեցվո համար նվերներ էր հավաքում խիստ եռանդով հորդորներ տալով առատաձեռն ուխտավորներին և հանդիմանելով ժլատներին։

Սերգոն սկսավ պարող խմբերի չորս կողմը շուռ գալ

24— Մուրացան, հատոր I