և մի տեղի բոլոր պարողները և դահիրա ու հարմոն ածող հարսներն ու աղջիկները տնտղելուց ետ, մյուս տեղն էր փոխվում։
Եկեղեցու հարավային կողմը խփած մի վրանի առաջ բազմությունը խիստ շատ էր և պարողների ու դահիրա խփողների եռանդը զգալի կերպով գերազանցում էր մյուս խմբերին։ Սերգոն դիմեց այդ կողմը։ Հենց ա՛յն միջոցին, որ նա յուր վիզը երկարացրավ խմբի պարողները դիտելու, դահիրան խփում էր մի բարձրահասակ, գեղեցկակազմ և նուրբ ու գրավիչ դեմքով աղջիկ։ Նա թեպետ հարուստ տանից չէր երևում, բայց հագնված էր բավական ճաշակով։ Նրա ամբողջ շարժվածքը ազնվական և հրապուրիչ էր. դեմքի ժպիտը քաղցրը և կախարդող. Յուր փափուկ մատները ա՛յնպես ճարպկությամբ էին թրթռում դահիրայի վրա, որ ամբողջ խմբակի աչքերը ավելի նրա ձեռների վերա էին հառած, քան թե պարողների։ Երկար նա խաղաց դահիրան և մի քանի պարողներ հետզհետե հաջորդեցին միմյանց։
— Հիմա հերթը Նինուցինն է. էլ պարող չլինի,— ձայնը բարձրացրեց խմբակի մեջ մի հաստ ուսերով և բարձրահասակ տիկին, որը, ինչպես երևում էր, խմբակի պարապետուհին էր։ Նա ձեռքը դեպի խառնված կանանց կողմը ձգելով, բռնեց մի խիստ շքեղ հագնված, բայց ո՛չ այնքան գեղեցիկ տիկնոջ ձեռքից և սկսավ զոռով ներս քաշել նրան։
— Չեմ կարող, աստված վկա, չեմ կարող, ընդդիմանում էր շքեղ հագնված տիկինը։
—Չի լինիլ, քո արևը գիտենա, չի լինիլ, պիտիս պար գա,— պնդում էր նրան պարապնտուհին։
— Վա՛, քեզ ասում եմ չեմ կարող, ես պարել չգիտեմ։
— Է՜, լավ. նազ մի անիլ, թե աստվածդ կսիրես. եթե կուզես կասեմ, որ հարմոնն էլ քու խաթրին մեր Մաշոն ածի. դու խո գիտես նա ինչպես լավ է ածում:
Մաշոն մեզ ծանոթ գեղեցիկ դեմքով և գեղեցիկ դահիրա խփող աղջիկն էր։ Պարապետուհին նրան նշան արավ և Մաշոն դահիրան տվավ յուր կողքին կանգնած մի ուրիշ աղջկան և ինքը սկսավ հարմոնը։ Անշունչ գործիքը կարծես իսկույն նոր հոգի և կենդանություն ստացավ Մաշոյի ձեոքում։ Մինչև