Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ասելով նա կատաղաբար առաջացավ դեպի դուռը և ձախ երեսով սաստիկ խփվեցավ տան պատին, նրա դեմքը ընդհարվելով քարի հետ պատռվեցավ և քթից սկսավ հոսել հորդ արյուն: «Ոչ, այսպես չի կարելի շուտ մեռնել, այնպես շուտ՝ որ իմ կնոջը և երեխաններին հասնեմ, ես գիտեմ, թե ինչպե՞ս պետք է մեռնել... »: Նա ներս մտավ տուն: Առաջին անգամ նրա աչքին զարկավ նախագավթի մեջ կշեռքի համար կախված չվանը:

«Ահա՛, — գոչեց նա խելագարվածի պես,— ահա մեռնելեւ համար միջոցը»: Եվ առանց ուշանալու բարձրացավ գավթի անկյունում դրված սնդուկի վերա, քաշեց յուր մոտ առաստաղից կախված չվանը և նրա վերա կրկնածալ հանգույց շինելով` անցրավ պարանոցը. «Այժմ ես ձեզ հետ եմ, սիրելիներս»:

Նա թափ տվավ ոտքերին և շրջվելով կախվեցավ օդի մեջ... Երկու անզոր ցնցումներից ետ լրթագույնը պատեց նրա երեսը, բերանից և ռունգներից սկսավ ժայթքիլ խեղդվող արյունը, և մի խուլ հռունդյունից ետ... նա հոգին փչեց...

Հողարկավորության ժամանակ ոսկերիչին սպառնացող երիտասարդները տուն դառնալով բոլորը միասին վճռեցին գնալ նրա մոտ և երեք զոհերի վրեժը հանել նրանից...

Բայց նրանց զայրութը փոխվեցավ սարսափի, երբ նրան կախված գտան նախագավթի մեջ:

Հայ անհիշաչար հոգևորականությունը առավ բողոքականության չորրորդ և ավելի թշվառ զոհի մարմինը և ամփոփեց յուր ընտանյաց հանգստարանում...

Իսակ մեծապատիվ պաստորը շատ անտարբերությամբ լսեց այդ բոլոր թշվառության պատմությունը և միայն վերջումը բարեհաճեց ասել, որ` «ոսկերիչը հիմարություն է արել իրան խեղդելով»:

Ոսկերիչի երկու որդիներին յուր հովանավորության տակ առավ վարպետ Սարգիսը, իսկ նրա ունեցած երեք հազար ռուբլին, որը պաստորի ձեռքով ղրկված էր մայրաքաղաքի բանկը շահեցնելու, մինչև այսօր էլ չիմացվեցավ, թե աստծք ո՞ր պաշտոնյայի գրպանը մտավ...