—Բա՛ց դուռը, — գոչեց հրամայող ձայնով:
—Ո՞վ է, — ներսից լսվեցավ ոսկերիչ Գրիգորի ձայնը:
—Աչքդ հանողը, անզգա՛մ, դուռը բա՛ց,— զայրացած կրկնեց պառավը:
Տանուտերը ճանաչեց յուր հայտնի դրացուհուն: Նա դուռը թողեց փակ և հեռացավ ուրիշ սենյակ: Պառավը կրկնեց յուր հարվածները:
—Բա՛ց ասում եմ, անզգա՛մ, թե չէ կերթամ բալոր ժամավորներին այստեղ կհավաքեմ:
Տանուտերը այս սպառնալիքից վախեցավ և շտապեց դուռը բանալու:
Պառավը ներս մտավ Մանիշակի ձեռից բռնած: Նրա աչքերի առաջ ներկայացավ մի աղետալի տեսարան: Տանտիկինը արտասվաթոր աչքերով և արյունոտ երեսով ընկած էր անգութ սենյակի մի անկյունը և հեծեծում էր անգութ ամուսնուց ատացած հարվածներից: Երկու փոքրիկ երեխաներ կիսամերկ անկողնից ելած՝ բռնած էին մոր ծնկներից. մի ուրիշ, նրանից ավելից հասակավոր տղա երեխա հիվանդ նստած էր. յուր անկողնի մեջ և լալիս էր:
Երեխաները իրանց ծանոթ և սիրելի պառավին տեսնելով մոռացան հոր երկյուղը և կարծես նրա մեջ իրանց պաշտպանը գտնելով, իսկույն ցատկեցին տեղից և վազեցին դեպի նա. «Խաթուն մայրիկ տե՛ս պապան որքան է ծեծել մայրիկին, ասա, որ էլ չծեծի, ախար խեղճ է…»:
Երեխաների գանգատը, որ փոքրիկ սրտերի հուսահատ ապստամության ծնունդ էր, այնքան սրտաշարժ էր, որ պառավի արտասուքը շարժեցին:
—Տո անստված,— դարձավ նա կատաղի զայրութով դեպի տանուտերը,— հերիք տանջես այդ խեղճ կնոջը. այդ ինչ օրի ես հասցրել դրան. բաց դու չե՞ս խղճում այդ երեխաներին. ասենք սիրտդ քար է կտրել, խո ականջներդ էլ չե՞ն խլացել, խո աչքերդ էլ չե՞ն կուրացել, խո լսո՞ւմ ես այս ողորմելիների լացն ու կոծը, տեսնո՞ւմ ես նրանց արտասունքը: Տո՛ անգութ…
—Լա՜վ, լա՜վ Խաթուն մայրիկ,— խոսքը կտրեց տանուտերը,— մի երկարացնիլ. ին՞չ ես ուզում ասել, ինչո՞ւ