Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր առնում, և փոքրը զոհում էր մեծը ձեռք բերելու համար։ Իսկ ինչ խանութների փակելուն և բանալուն է վերաբերում, այդ հանդեսը, իհարկե, նրա ներկայությամբն էր տեղի ունենում, որովհետև պարոն Թովմասը այն կարծիքին էր, որ «հավատալը մի թուլություն է, իսկ վստահանալը՝ երկու»։

Երեկոյան տուն վերադառնալով՝ նա դարձյալ զբաղվում էր առևտրական գործերով։ Այդտեղ, ճշմարիտ է, ոչ գնողներ կային, ոչ վաճառողներ, բայց մի համարիչ կար, որ օգնում էր նրան յուր ձանձրույթը փարատելու։ Ամբողջ ժամերով նա նրա վերա հաշիվներ էր շինում, պլաններ էր սարքում և ապագա գործերի համար ծրագիրներ էր պատրաստում։ Այն ժամերը, որոնց նա գործ էր դնում ոչ յուր հաշիվների համար, նա նրանց կորած էր համարում։ Այս պատճառով էլ նա դրացու կամ հասարակության գործերով երբեք չէր հետաքրքրվում։ Դրանց վերաբերյալ ամենահետաքրքրական նորություններն անգամ նա լսում էր կատարյալ անտարբերությամբ, մանավանդ որ այդ նորությունների մեջ փողի վերաբերյալ հաշիվներ չկային։ Յուր տունը այցելող հյուրերն անգամ պարտավոր էին Թովմասի հետ առևտրի և հաշիվների վերա խոսելու, որովհետև նա սովոր չէր ժամավաճառ լինելու այնպիսի խնդիրների համար, որոնք նրան մի դրամ ական օգուտ չէին տալիս։ Շատերը կարող են կարծել, իհարկե, որ այդ տեսակ դատարկ խոսակցություններն էլ մի դրական օգուտ չէին տալ նրան, բայց պարոն Թովմասը այդ կարծիքը չուներ յուր սովորության վերաբերմամբ։ Խոսելով այս և այն գործի կամ հաշվի մասին, նա միշտ մի նպատակ ուներ յուր սրտում, այն է՝ լսել զանազան մարդկանց կարծիքները, և այդ զանազան կարծիքներից նա համեմատական օրենքով քաղում էր այնպիսի օգուտներ, որոնք նրան հարկավորվում էին յուր ապագա ձեռնարկությունների ժամանակ։ Եվ ահա՛ հենց այս օգուտներն էին, որոնց ձեռք բերելու համար նա չէր խնայում ոչ հյուրի համբերությունը և ոչ ճաշի, ընթրիքի ժամանակը։ Իսկ եթե նրա անվերջ հաշվաբանություններից ձանձրանալով էլ բարեկամ մարդիկ չէին հաճախում նրա մոտ, նա բոլորովին չէր տխրում, որովհետև դրանով կրկին ապացուցվում էր յուր կարծիքի