Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճշմարտությունը, թե հաշիվներից խոսելը անօգուտ չէ անցնում։ Մի քանի մարդ պակաս հյուրասիրելով՝ նույն չափով Թովմասը պակաս կորուստ էր ունենում։ Նա էլ յուր տեսակում մի օգուտ էր, որ չպետք էր արհամարհել։

Յուր քսանևհինգ տարեկան հասակում երիտասարդ Թովմասը հինգ հարյուր ոուբլուց ավելի դրամագլուխ չուներ։ Բայց յուր անխոնջ աշխատության և ժրաջան գործունեության շնորհիվ, այս օրվան օրս նա տեր էր երկու հոյակապ տների, մի քանի կրպակների, վարելահողերի և հարյուր հազարից ավելի կանխիկ դրամագլխի, որ նա շահեցնում էր յուր հաջողակ առևտրով։ Սակայն չնայելով այս հարստությանը, պարոն Թովմասը չափից դուրս խնայող և մինչև անգամ ժլատ էր։ Հենց այս պատճառով էլ նա մինչև յուր հիսունևհինգ տարեկան հասակը ամուրի մնաց։ Ճշմարիտ է, նա ամուսնության ընդդեմ չէր, և յուր երիտասարդության օրերում շատ անգամ էր մտադրվել ամուսնանալու, բայց ամեն անգամ էլ յուր հաշիվներին վերահասու լինելով՝ նա եկել էր այն եզրակացության, որ դեռ ժամանակը չէ։

—«Եթե ես ամուսնանամ,—մտածում էր նա,—գիտեմ, որ շատ կսիրեմ իմ կնոջը, ես չեմ կարող անկատար թողնել նրա և ոչ մի պահանջը, մինչև անգամ եթե նա անիրավ էլ լինի։ Բայց դրա համար, իհարկե, իմ կարողությունը դեռ փոքր է. լրացնեմ հիսուն հազարը և այն ժամանակ անպատճառ կամուսնանամ…»։ Բայց մինչև որ նա կլրացներ հիսուն հազար, վախճանվեցավ նրա եղբայր Անտոնը, որ հազիվ մի տարվա ամուսնացած էր, և թողեց նորատի ամուսնուն աղքատ և այրի, իսկ յուր փոքրիկ Պետրոսին դեռ կաթնկեր որբ։

Թովմասր սիրում էր եղբորը, որովհետև նա մի աշխատասեր մարդ էր (թեպետ մինչև վերջը նրան չներեց, որ նա վաղաժամ ամուսնանալով դժբախտացրեց իրեն), ուստի յուր հովանավորության ներքո առավ իր այրի հարսին և նրա մանկանը։

Չնայելով որ Հռիփսիմեն (այդ էր հարսի անունը) յուր ժուժկալ և խնայասեր բնավորությամբ առաջվանից ավելի