չափավոր դիրքում սկսավ պահել տագեր տան ծախքերը, այսուամենայնիվ այն օրից սկսած, որ նա յուր որդու հետ միասին մուտ գործեց այդ տունը, պարոն Թովմասը այլևս անկարելի համարեց յուր ամուսնությունը, որովհետև նա հավատում էր, որ տան ծախքը կրկնապատկվել էր - նա պետք է ապրեցներ յուր եղբոր կնոջը և նրա որդուն, իսկ այս վերջինին պիտի ուսում տար, երբ նա մեծանար...
Այս հոգսերը ստիպեցին Թովմասին եռապատկելու յուր ուժն ու աշխատությունը։ Բարեբախտաբար մի քանի դեպքեր նրան ա՛յնպես հաջողեցին, որ յոթ, ութ տարվա ընթացքում ոչ միայն հիսուն հազարը, այլև մի քանի ուրիշ տասնյակ հազարներ ավելացան նրա դրամագլխի վրա։
Թովմասը հիշեց յուր խոստումը ամուսնանալու մասին:
Բայց այս անգամ ուրիշ արգելք կար նրա դիտավորությունը խափանող — Պետրոսն արդեն մեծացել էր, նա կարգում էր տեր-Արութի մոտ։ Միկիթ֊բեկը, որ դատարանի մի ծառայող էր, բայց պ. Թովմասի ամենալավ բարեկամը, խորհուրդ տվավ նրան ուղարկել Պետրոսին Թիֆլիսի գիմնազիոնը։
«Նա ուշիմ և ընդունակ երեխա է,— ասաց նրան Միկիթ-բեկը,— և քանի որ փոքր է, պետք է հոգաս նրան այդ հաստատության մեջ ընդունել տալու. մի քանի տարուց ետ դժվարությամբ գլուխ կբերվի այդ գործը և քեզ վերա ավելի ծախք կնստի։ Ուղարկիր նրան գիմնազիոն հենց այժմյանից և ոչինչ մի՛ խնայիր նրա ուսման և կրթության համար. Պետրոսի բարեհաջող զարգացումը կկրկնապատկե մի օր քո հարստությունը...»։
Թովմասը լսեց Միկիթ-֊բեկին և ուղարկեց Պետրոսին Թիֆլիս։ Հետևապես այն գումարը, որ նա կարծում էր, թե կարող է յուր ամուսնության համար գործադրել, հատկացրեց եղբոր որդուն, իբրև ուսման և ապրուստի թոշակ:
Այսպիսով կրկին անգամ խափանվեցավ պ• Թովմասի ամուսնության գործը. բայց այդ դեպքը մի անախորժ ազդեցություն չունեցավ նրա վերա։ Որովհետև Թովմասը հո՛ չէր ուզում ամուսնանալ նրա համար, որ նա մի առանձին կարիք էր զգում այդ բանի մեջ, այլ որովհետև ինքն իրեն