— Օ՜, մի՛ ասեք, մի՛ ասեք,— բացականչեց Միկիթ-բեկը.— բավական հիմար պետք է լինի մարդ, որ փլավ ուտելու կարողություն և ախորժակ ունենա ու ինքը ցամաք հացով կշտանա։ Ես բոլորովին ընդդեմ եմ ձեր կարծիքին և եթե գիտենայի, թե դուք ներքին կերպով համաձայն չեք ինձ հետ, ես կհրաժարվեի երկրորդ անդամ ձեր տանը ճաշելուց:
— Խնդրեմ, խնդրեմ, իմ հայտնած միտքը լոկ մի կարծիք էր,— վախեցած խոսեց պ. Թովմասը,— իհարկե ես համաձայն եմ ձեզ հետ…
— Այո՛, և եթե դուք ինձ չափ զարգացած լինեիք և կարողանայիք գրքեր ու լրագրեր կարդալ, այն ժամանակ կիմանայինք, թե լուսավորյալ երկրներում որքա՜ն շատ և որքա՜ն բազմատեսակ են ուտում։ Որովհետև նրանք հասկանում են, որ ստամոքսը մեր բոլոր մյուս գործարանների թագավորն է, եթե այդ գործարանները եռանդով չաշխատեն, և բավականաչափ հարկ չտան իրենց թագավորին, նա կթուլանա. և էլ ուժ չունենալով յուր երկիրը կառավարելու, կթողնե նրան. իսկ ստամոքսի թշնամին, որ մահն է, անտեր գտնելով յուր հակառակորդի երկիրը, կտիրե նրան, այսինքն մեր մարմնին։
Միկիթ-բեկի այս նորագույն վարդապետությունը, որ մինչև ճաշի վերջը շարունակեցավ, պ. Թովմասը լսում էր ակամա ուշադրությամբ, առանց հայտնել կարողանալու յուր դժգոհությունը։ Բայց երբ հազիվ վերջին բաժինն էլ վայելեցին և ծառան ներս բերավ մրգեղենի սկուտեղը, Թովմասը էլ ավելորդ համարեց ավելի սպասել։ Ամբողջ երկու ժամ էր, ինչ հաշվի կամ գործի մասին բան չէր խոսվում յուր սեղանի վերա և այդ բանը ավելի քան ընդդեմ էր յուր սրբազան սկզբունքներին։
— Միկիթ-բեկ, թողնենք առայժմ ստամոքսի խնդիրը,—վերջապես նկատեց պ. Թովմասը,— ես մի կարևոր գործ ունիմ և կամենում եմ նրա մասին մի խորհուրդ հարցնել ձեղանից։
— Հրամայեցեք, խնդրեմ։
— Ասում են, որ զորքի մեծավորի տանը այս առաջիկա շաբաթ մեծ աճուրդ պիտի լինի, զորքի հացը, միսը ու խմելիքը