Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապալով տալու համար, ճշմարի՞տ է արդյոք, այս տեսակ բաները դուք կիմանաք։

—Ճշմարիտ է, աճուրդ պիտի լինի։ Բայց դուք ինչու՞ համար եք հետաքրքրվում նրանով։

—Ես կամենում եմ այդ կապալը վերցնել։

— Ի՞նչ, մի՞թե կամենում եք միանգամից Մելքոն-աղայի հացը կտրացնել,— ծիծաղելով նկատեց Միկիթ-բեկը։


-Այդքան ուժ չունիմ, բայց կարծում եմ, որ այդ գործում մի մասնավոր օգուտ կմնա մեզ։ Դուք էլ գիտեք, որ այժմյան առևտուրներում շահ չէ մնացել և իզուր մշակություն ենք անում:

— Լավ եք մտածել. և եթե ինձանից խորհուրդ եք հարցնում, ես էլ խորհուրդ կտամ, որ այդ կապալը վերցնեք։

— Բայց այդ ձեզանով պիտի լինի, Միկիթ-բեկ, առանց ձեր օգնության ես ոչինչ անել չեմ կարող։

— Ինչպե՞ս։

— Այնպես, որ այդ կապալը վերցնելու համար ես ճանապարհներ չգիտեմ, այդ ճանապարհները դուք պետք է ցույց տաք ինձ։

Միկիթ-բեկը կամաց-կամաց ետ քաշվեցավ սեղանից, ձգվեցավ բազկաթոռի մեջ և լուրջ ու խորախորհուրդ կերպարանք առնելով՝ ձեռքը դրավ ճակատի վերա և սկսավ մտածել

Պ. Թովմասը անթարթ աչքերով դիտում էր յուր իդեալի իմաստուն կերպարանքը և նրա դեմքի մկանունքների ամեն մի շարժմունքից ցանկանում էր գուշակություններ անել։

Բայց ավա՜ղ, բախտը նրան զրկել էր այդ մեծ շնորհքից, նա զգում էր, թե այդ րոպեին ո'րքան երևելի մտքեր ու խորհուրդներ էին զբաղեցնում յուր Միկիթ-բեկի հանճարեղ գլուխըւ և սակայն ինքը չէր կարողանում գուշակել նրանց ինչ լինելը։ Իրեն մնում էր միայն հիանալ նրա ճակատի խորախորհուրդ կնճիռներով և սպասել նրա պատգամին։

Վերջապես Միկիթ-բեկը խոսեց.

— Այդ կապալը վերցնել հեշտ է. բոլոր աձանց հետ ես կարող եմ խոսել, իսկ կարևոր թղթերը ես ինքս կպատրաստեմ: