Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան իրենց բազմերանգ պտուղներով, ստեղծում էին այդ արվեստական դարաստանի մեջ մի հովաշունչ և կենսաբեր եղանակ` անծանոթ քաղաքի հասարակաստեղծ մարդիկներին։

Պարտեզի թե' ծառերը և թե' ծաղկածուները արդեն ջրված պատրաստ էին և ավազանի սյունաձև շատրվանը կարկաչաձայն դուրս էր թափում յուր զովարար աղբերակը, երբ աղա-Մելքոն Խալաթյանը սիրեցյալ Անիկային թևն առած` ներս մտավ պարտեզ։ Կես ավուր քնից և լվացվելուց ետ նա սովորություն ուներ իջնել պարտեզ յուր Անիչկայի հետ թարմ օդ ծծելու և միրգ վայելելու համար։

Չնայելով, որ աղա-Մելքոնի տարիքը վաթսունի մոտ էր, և տիկին Անիչկան միայն տասնևհինգ տարով էր նրանից փոքր, այսուամենայնիվ երկու ամուսինները դեռ երիտասարդական քնքշությամբ ողջագուրում էին իրար, մանավանդ երբ նրանք դրսումն էին գտնվում, կամ մի երրորդ անձնավորություն ներկա էր լինում նրանց սիրակցություններին։ Աղա-Մելքոնի համար մեծ զվարճություն էր՝ ցույց տալ օտարներին (թեպետ նրանք այդ չէին պահանջում), որ ինքը անսահման սիրով կապված է Անիչկայի հետ, և որ առանց նրան աշխարհի բոլոր մեծությունները յուր աչքում արժեք չունեին։

Ինչ տիկին Խալաթյանին է վերաբերում, նա պակաս խանդակաթ չէր դեպի յուր ամուսինը. ամենքը գիտեին, որ նա անձնվեր է Մելքոն Կարլիչին. և ազնիվ տիկինը ոչ միայն այդ բանը չէր ծածկում ոչ ոքից, այլև հայտնում էր ամենքին։

Բամբասասեր մարդիկ, որոնք առհասարակ չեն սիրում իրենց գործերով զբաղվել, կամենում էին հավատացնել, որ երկու ամուսինների մեջ իսկապես սեր ասած բանը չկա, բայց նրանք հաշտ են ապրում, որովհետև ինչ որ գաղտնի հարաբերությունների պատճառով, որոնց մեջ յուրաքանչյուրը յուր սեփական հաճույքն էր որոնում, նրանք պարտավորվել էին փոխադարձ զիջումներ անել իրար։

Ի՞նչ գաղտնի հարաբերություններ էին դրանք, կամ ի՞նչ փոխադարձ զիջումներ, մենք, իհարկե, դրանցով չենք հետաքրքրվիլ,