Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի լավ է հավատալ, որ մարդիկ բարի են և առաքինի, քան հետամուտ լինել նրանց չարությունները ճանաչելու։ Մենք, ահա, գոհունակությամբ տեսնում ենք, թե որքա՜ն քաղցր և սիրաժպիտ խոսակցում են իրար հետ երկու ամուսինները, հանդարտ ճեմելով ստվերաշատ ծառերի տակ։

— Նայի՛ր, Անիչկա, նայիր մեր ամբողջ պարտեզին, այս ծաղկածուներին, այս վարդե թփերին, այս սիրուն ճեմելիքներին, ինձ թվում է, թե նրանք այսօր մյուս օրերից ավելի գեղեցիկ և հրապուրիչ են, այնպես չէ՞,— քաղցրությամբ խոսում էր Մելքոն-աղան յուր Անիչկայի հետ` շրջեցնելով նրան մերթ ակաթենիների ճեմելիքում, մերթ ծաղկանոցի շուրջը և երբեմն զովազարդ ուռենիների տակ։

— Իհարկե, նրանք օր-օրի վերա գեղեցկանում են, չէ՞ որ երեկվա կոկոնը այսօր պետք է բացվեր և այսօրվա կանաչ պտուղները մի քանի օրից պիտի կարմրին կամ դեղնին,— փիլիսոփայորեն տրամաբանեց Անիչկան։

— Ճիշտ այդպես է։ Բայց գիտե՞ս, սիրելիս, ամեն բան մեզ մոտ կատարյալ է.— պալատի նման տուն, Շահզադի վայել պարտեզ, փառավոր ապրելու համար մի՞թե էլ մի ուրիշ բան պակասում է մեզ։

— Իհարկե ոչինչ։

— Ճիշտ այդպես։ Եվ այս բոլորը ես քեզ համար պատրաստեցի, իմ անգին թագուհիս, միայն քեզ համար…— Եվ այս ասելով Մելքոն Կարլիչը ամուսնուն թևն առած դուրս եկավ ակաթենիների ճեմելիքից պարտեզի փոքրիկ հրապարակը։

Երկու ամուսինները նստեցին իրենց համար պատրաստած աթոռների վերա, իրենց դեմքերը դարձնելով դեպի պալատանման տունը։

Շուտով երևեցավ փոքրիկ աղախինը, որ սկուտեղի վերա մրգեղեն էր բերում նրանց։

Մելքոն Կարլիչը շտապեց մի շնորհալի ասպետի նման ծառայել տիկին Անիչկային, մաքրելով նրա համար բերած մրգերից ամենաընտիրները։

Բայց հազիվ էին նրանք մի քանի փոխադարձ «համեցեք»֊ներ արել իրար, երբ տան պատշգամբում երևեցավ մի