Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրահասակ, շիկահեր և ծաղկատար երեսով աղջիկ, ձեռքում բռնած ջրով լի աման, որը նա առանց աջ ու ձախ նայելու շտապելուց շուռ տվավ և մեջը եղած ջուրը շռ՜ռ՜… թափեց գեղեցիկ ածուների վերա։

Մելքոն Կարլիչը վեր թռավ տեղից, իսկ տ. Անիչկան քիչ մնաց, որ վախենար։ Շիկահեր աղջիկը տեսնելով նրանց վրդովմունքը, սկսեց քրքիջ բառնալ և ծիծաղել։

—Հիմար, լավ բա՞ն ես արել և դեռ ծիծաղո՞ւմ ես,— ճչաց ներքևից տիկինը,— այստեղ ի՞նչ ջուր թափելու տեղ է։

Բայց շիկահեր աղջիկը փոխանակ նրա նկատողությանը պատասխանելու, թողեց ջրի ամանը վանդակակապի վերա և առաջ անցնելով բացականչեց.

— Ա՞յդ ինչ է, դուք արդեն միրգ եք ուտում, և առանց ինձ հայտնելո՞ւ…— այս ասելով նա վազեց սանդուղքներով և մի րոպեում իջավ պարտեզ։ Առանց սպասելու, որ իրեն բաժին տային, նա վերցրեց սեղանից մի աման, դարսեց նրա վերա բավականաչափ միրգ և կրկին վազեվազ բարձրացավ պատշգամբը։

Մելքոն Կարլիչի ուրախ տրամադրությունը փոխվեցավ. նա հոնքերը կիտեց և հեռացրեց իրենից մրգի սեղանը։ Տիկինը, իհարկե, ավելորդ համարեց հետևել նրա օրինակին։

—Զարմանալի ջղազգաց ես դու, Մելքոն, արժե՞ միթե տխրել այդ չնչին պատճառի համար, նոր հո չե՞ս ճանաչում քո Նատաշին։

—Եվ դու այս չնչին պատճառ ե՞ս համարում, հա՞,— հարցրեց Մելքոն-աղան գլուխը շարժելով։

—Իհարկե, նա այդպես ծնվել, այդպես էլ մեծացել է, նորից հո չե՞ս կարող փոխել նրան։

—Նա այդպես չէր ծնվել, Անիչկա, բայց դու նրան այդպես մեծացրիր,— վշտալի ձայնով նկատեց Մելքոն-աղան։

—Ե՞ս, ե՞ս նրան այդպես մեծացրի, ե՞ս ուրեմն նրան փչացրի,— վրդովելով հարցրեց Անիչկան։

— էլ հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ, Անիչկա. ինչ որ եղել է, եղել է…