յուր ծնողների ցանկությունը. որ էր՝ աղջիկ ունենալ յոթերորդ զավակը։ Եվ այդ օրը ի՜նչ հույսեր, ի՜նչ ոսկի երազներ չուներ Մելքոնը, իբրև բախտավոր հայր։ Նա հավատում էր, որ մի օր այդ աղջիկը կռվածաղիկ կդառնա քաղաքի երիտասարդների համար։ Հարուստ և գիտնական փեսացուները կվխտան յուր դռներում, և ինքը, իբրև միակ տեր չքնաղագեղ աղջկան, յուր անբռնաբարելի իրավունքով փեսացու կընտրեր նրան, որին ինքը կկամենար, որին յուր սիրտը կսիրեր… Նատալիան հետզհետե մեծանում էր. մի օր նա գեղեցիկ էր ինչպես հրեշտակ. բոլոր տեսնողները հիանում էին նրանով, երանում էին նրա ծնողներին, ամենափառավոր ապագա էին գուշակում նրա համար։ Բայց ավա՜ղ, ամեն բան կորավ նրա անփույթ, պճնասեր և միայն ինքը յուրմով զբաղվող մոր շնորհիվ։ Երեխան մեծանում էր. հայրը յուր գործերով էր զբաղված, մայրը յուր հագուստներով ու այցելություններով։ Չկար մեկը, որ մտածեր ազատելու խեղճ աղջկան նախասահմանյալ հիվանդությունից։ Նրա ծաղիկը չհոգացին պատվաստելու և այդ հիվանդությամբ վարակվեցավ նա, երբ ծաղիկը դրացիների տներում կոտորածներ էր անում։ Շատ ուշ ճանաչեց տիկինը յուր սխալը. բայց էլ նրան ուղղելու հնար չկար։ Մելքոն-աղայի բոլոր ջանքը միայն այն եղավ, որ յուր աղջկանը վերահաս մահից ազատել կարողացավ. բայց խեղճի դեմքը այնքան ծաղկատար, այնքան այլանդակված էր, որ նրա վերա նայել չէր լինում։ Այս հանգամանքը բավական էր, որ տիկին Անիչկան բարձիթողի աներ յուր աղջկան։
Կան մի տեսակ մայրեր, որոնց կրծքի տակ' ծնողական գթո և գորովի փոխարեն՝ միայն ինքնասիրություն և փառամոլություն է սնանում։ Այդպիսիները իրենց զավակների վերա նայում են ինչպես իրենց զարդարանքների վերա, որոնք քանի նոր են և պսպղուն՝ ծաոայում են իրենց պարծանքին, բայց հենց որ հնացան, կոտրվեցան, էլ կորցնում են իրենց արժեքը. և նրանք շպրտում են նրանց սնդուկի այն անկյունը, ուր փոշին կամ ցեցը պիտի մաշե նրանց մնացորդը։
Տիկին Անիչկան այդ մայրերից մինն էր։ Հենց որ նա յուր Նատաշի դեմքը ծաղկատար տեսավ, էլ սառեցավ նրա