Էջ:Muratsan, vol. 2.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ վերաբերում է Մաշտոցյանի բնավորությանը, նա վատ չէր. յուր գիտցած տեղում համեստ, մի-մի գործերում առատաձեռն, բարեկամների հետ բարեսիրտ, ընկերական գործերում հաշվով, հասարակաց շահերին երբեմն նախանձախնդիր, միով բանիվ մի լավ գործնական հայ։ Միակ նրա պակասությունն այն էր, որ դեպի յուր թշնամին խիստ էր և անողոք. և թեպետ յուր այդ խստությունը նա քողավորում էր արտաքուստ, այսուամենայնիվ ոչ մի վիրավորանք նա չէր մոռանում առանց վրեժխնդրության։ Նա սիրում էը պատժել, բայց չէր սիրում երևալ իբրև պատմող. այդ պատճառավ նրա թշնամիներից շատերը կրում էին իրենց հանցանքի պատիժը շատ անգամ առանց գիտենալու, թե որտեղից է հասնում նրանց այդ չարիքը։ Այդպիսի վարմանց պատճառը դարձյալ գործնականությունն էր, որ չափից դուրս զարգացած էր երիտասարդ Մաշտոցյանի մեջ։ Նա չէր ցանկանում, որ իրենից դժգոհ մնան մինչև անդամ թշնամիները…

Գ


Գարնանային մի գեղեցիկ օր, երբ առհասարակ քաղաքի փափկասուն կանայք դուրս են գալիս սալարկների վերա զբոսնելու, իսկ ավելի բարեպաշտները քարշ են գալիս սուրբ Դավիթի զառիվայրերի վերա կամ Դիդուբայի ճանապարհներում, պարոն Արսեն Մաշտոցյանը գտնվում էր Մթածմինդայի բարձրանիստ թաղի մեջ։ Նա հոր հրամանավ գնացել էր այնտեղ իրենց պարտապան մի վրացի իշխանից փող պահանջելու։ (Այդ ժամանակ Արսենը դեռ նոր էր տեղափոխվել հոր խանութը և այնտեղ տակավին գործակատարի պաշտոն էր վարում)։ Իշխանական տնից, ինչպես սպասելի էր, ձեռնունայն վերադառնալով, նա ցանկացավ բորբոսնած քարվանսարան գնալուց առաջ՝ օգտվել մի փոքր գարնանային հովաշունչ եղանակից։ Ուստի յուր ճանապարհը երկարելու համար նա քայլերն ուղղեց դեպի սուրբ Դավթի բարձրավանդակը, որի զառիվայրերի վրայով այդ միջոցին