մենք նրա հետ շատ մտերիմ և բարեկամ ենք)․ ես նրան խոստացա։ թե այդ կապալը անպատճառ ես կվերցնեմ, որքան էլ նրա պայմանները ձեռնտու չլինեն։ Պ․ գնդապետը միևնույնը խնդրեց ինձ, որովհետև մինչև այժմ իմ վերցրած կապալներով միշտ գոհ են մնացել ինձանից թե՛ զորքը և թե՛ նրա մեծավորները։ Այժմ ես չգիտեմ, թե ի՞նչպես կարող եմ իմ խոստման հակառակը գործել։ Դա ինձ համար մեծ անպատվություն կլինի։
— Այսուամենայնիվ դուք կարող եք այդ անել, եթե կամենաք։
— Գիտե՞ք ինչ կա, պ. Թովմաս.— այդպիսի մի զիջողություն եթե ես անեմ ձեզ, ինձ վերա բոլորը կծիծաղեն, սկսած գնդապետից մինչև վերջին սպան, որովհետև այդ տեսակ մի զիջողություն ես իրավունք ունիմ անելու միայն իմ ազգականներից մինին։ Ի՞նչ կասեն ինձ այդ մարդիկը, եթե իմանան, որ ես իմ իրենց տված պատվավոր խոսքը ետ եմ առնում լոկ մի օտար մարդու խնդրանաց զիջանելու համար։ Գոնե եթե դուք իմ ազգականներից մինը լինեիք, իմ վարմունքը մի փոքր բնական կլիներ։
— Ի՞նչ կա, մի՞թե չեք կարող ինձ էլ իբր ազգական ներկայացնել նրանց։
— Օ՜, այդ անկարելի է. այդ կնշանակե նրանց խաբել, այդ կնշանակե այսքան տարվա իմ նրանց մոտ ունեցած վարկն ու համարումը արատավորել. չէ, այդ անկարելի բան է։
— Ուրեմն դուք մերժո՞ւմ եք իմ խնդիրը,— հուսահատ ձայնով հարցրեց Թովմասը։
Մելքոն-աղան չպատասխանեց. նա մտածում էր։
Այս լռությունը գրավեց Թովմասի ուշադրությունը, նրա սրտի մեջ սկսեց մարմնանալ մի նվազ հույս՝ «Գուցե դեռ կփոխե յուր միտքը, գուցե դեռ կբախտավորացնե ինձ»,— մտածում էր նա, և Թովմասի հույսը պարապ չելավ։ Մ՛ի քանի րոպեաչափ մտածելուց հետո, Մելքոն-աղան դարձավ Թովմասին հետևյալ հայտարարությամբ.
— Սիրելի Թովմաս, դուք պետք է իմանաք, որ ես, ինչպես առաջ էլ ասացի, ձեզ սիրում ու հարգում եմ: Ձեր խնդիրը