Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց մոտ. մանավանդ իմ հարսնացուն չպետք է իմանա, թե այսպիսի մի գործի շնորհիվ է կայանում մեր մեջ այս բարեկամությունը։ Այդ բանը կարող է նրան վշտացնել։

— Իհարկե, իհարկե, ինչ հարկավոր է կնոջ հետ առևտօլըւգրական գործերի մասին խոսել. այդ կողմից ևս ավելի խիստ եմ։— Այս ասելով Մելքոն-աղան ներողություն խնդրեց Թովմասից և գնաց կնոջն ու աղջկանը կանչելու։

Պ. Թովմասը սկսավ ճեմել պարտեզի սիրուն ճեմելիթներից մինում և զմայլմամբ դիտում էր մերթ այդտեղի գեղեցկությունները, և մերթ Մելքոն-աղայի հոյակապ ապարանքը, որ մի շքեղ պալատի նման ձգվում էր պարտեզի ամբողջ լայնությամբ։

— Տեր աստված, այսքան խելքի ու իմաստության հետ այսքա՞ն էլ միամտություն,— մտածում էր ինքն իրեն պ. Թովմասը.— մի մարդ, որ այնքան խելք, շնորհք, ընդունակություն է ունեցել այսքան մեծ հարստություն և փառք ձեռք բերելու, ինչպես չէ հասկանում, որ ինձ նման մարդու համար մեծ պատիվ և մեծ փառք է իրեն հետ բարեկամանալ։ Դեռ չեմ հիշում այն ահագին շնորհը, որ նա անում է ինձ, հեռանալով հարյուր հազարանոց կապալից։ Ուրեմն ինչո՞ւ կասկածել՛ թե ես կարող եմ իմ խոստմանը դրժել։ Մելքոնի աղջիկս, ճշմարիտ է, ասում են որ գեղեցիկ չէ, բայց ի՞նչ հարկավոր է իմ եղբոր որդուն գեղեցկությունը, քանի որ նրա հարսնացուն քաղաքի ամենաառաջավոր մարդու աղջիկն է և ի դեպ, եթե ես չլինեմ էլ, դարձյալ նա յուր հարուստ աներոջ շնորհիվ փողի կամ ապրուստի կարոտություն տեսնելու չէ երբեք։ Իմ եղբորորդին այնքան հիմար չէ, ես կարծում եմ, որ չգնահատե այս առավելությունները։ Գեղեցկությունը մի փայլ է, որին ոչնչացնում են առաջին պատահած վիշտն ու նեղությունները. բայց հարստության առաջ ոչ միայն չքանում են ամեն տեսակ վշտեր, նեղություններ և ցավեր, այլև ուրախություն չեղած տեղը ուրախություն է բսնում, զվարճություն չեղած տեղը զվարճություն է ստեղծվում… Չէ, սա մի բախտ է, որին իմ պատճառով արժանանում է Պետրոսը և նա պետք է երախտապարտ լինի յուր հորեղբորը։