Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարցրի յուր ուրախ տրամադրության պատճառը. ես սպասում էի, որ նա կասեր, թե քո ավարտման լուրը առնելուն համար է ուրախ. բայց նա այդ չգիտեր անգամ։— «Իմ Պետրեն գալիս է, հոգյակս, այսօր Թովմասը հեռագրել է նրան դրա համար», պատասխանեց ինձ մայրդ լի հրճվանքով։ Այդ նորությունը անակնկալ էր ինձ համար։ Ես պատճառը հարցրի, և նա միամտությամբ պատասխանեց, թե Թովմասը առևտրական մեծ հաջողության է հանդիպել և Պետրեին բերել է տալիս այստեղ յուր ուրախությանը մասնակից անելու։ Այս պատճառը, իհարկե, ես հավանական չգտա. սակայն մորդ սրտի մեջ էլ ավելորդ համարեցի կասկած հարուցանել, մանավանդ որ մենք երկուսս դեռ մի ուրիշ մեծ ուրախություն ունեինք վայելելու, այդ քո ոսկյա մրցանակ ստանալդ էր, որ մեզ համար և մանավանդ ինձ համար հավասար էր մի փառավոր հաղթանակի։

«Ես նրա մասին՛ հայտնեցի մորդ և այս լուրը կրկնապատիկ ուրախացրեց նրան։ Բայց եթե գիտենայիր, թե ո՜րպիսի հրճվանք, ո՜րպիսի ուրախություն պատճառեց ինձ քո ավետաբեր նամակը… Ես այդ րոպեին քեզ երևակայեցի իբրև մի քաջ զորական, որ հաղթանակով վերադարձել է պատերազմի դաշտից դափնյա պսակով…

«Օ՜, մի՛ ծիծաղիր իմ խոսքերի վերա. կնոջ երջանկությունը շատ անգամ ամփոփվում է այն պարծանքի մեջ, որը ստեղծում է նրա համար յուր սիրելին։ Հենց այս պատճառով էլ ես չեմ կամենում, որ դու վերադառնայիր այստեղ։ Որքան էլ ինձ համար քաղցր է քեզ հետ տեսնվիլ, խոսել և քեզ լսել, այսուամենայնիվ ես չեմ կամենում, որ դու համալսարան գնալու համար որոշած ժամանակդ զոհես քո հորեղբոր հաճույքին։ Այդ պատճառով ես իմ հեռագրում ավելացրի թե՝ «հուսալիր սպասում եմ արժանավոր վերադարձիդ», որ կնշանակեր թե՝ հուսով եմ, որ դու անհապաղ բարձրագույն ուսմանդ կդիմես, որովհետև ինձ համար միայն համալսարանից վերադառնալդ է արժանավոր վերադարձ. բայց որովհետև հորեղբայրդ, ինչպես քո հեռագրից է երևում, բացատրած չէ քեզ յուր այդ անակնկալ հրավերի պատճառը, այսուհետև քեզ մնում է ինչ անելդ որոշել, ես միայն արտահայտեցի