Էջ:Muratsan, vol. 2.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լայն և ընդարձակ ասպարեզ. իհարկե, ո՛չ փշալից ու տատասկոտ, որպիսիների մեջ գործում են առհասարակ դժբախտ գրագետները, հեղինակները, մանավանդ խմբագիրները, այլ մի ասպարեզ, ուր առանց ցանելու բուսնում է վարդը, ուր առանց քաջագործությունների հնձում են դափնիներ… Սինքլոր խուժանը սիրում է ա՛յն աստծուն, որի հրաշքները աչքով տեսնում է. իսկ ոսկին, որ բուսնում է այդ ասպարեզի վերա, ամենից շատ է հրաշքներ գործում։ Ահա թե ինչու հարուստների փառքը աճում է ժամերով։

Կարճ ժամանակի մեջ Արսեն Մաշտոցյանի անունը ընդհանրացավ. նրա գործերը գնալով մեծ ծավալ էին ստանում, քաղաքի մեջ արդեն կրկնապատկվում էին նրա խանութները, և Մաշտոցյան տան ֆիրման, որ մինչև այն միայն Մոսկվայի հետ ուներ հարաբերություն, այժմ հաստատում էր յուր սեփական տան բաժանմունքները և' Վիեննայում, և՛ Պարիզում, և՛ Մանչեստրում, և՛ Մարսելում։

Երիտասարդ վաճառականի դրամական ուժը գնալով բազմապատկվում էր, որովհետև նրա բոլոր ձեռնարկություններն էլ հաջողվում էին։ Մյուս կողմից էլ ժամանակի արդյունավոր դրությունը նպաստում էր նրա շահերին։ Մի քանի հայտնի գործերի մեջ նշանավոր օգուտներ գանձելով, Արսեն Մաշտոցյանը ժողովրդյան բերանը անցավ. և չնայելով, որ նա խիստ խորհրդապահ էր և յուր նյութական կարողության վերաբերությամբ ոչինչ չէր խոսում նույնիսկ յուր ամենամտերիմ բարեկամների հետ և մինչև անգամ յուր հաշվապահները մի որոշ գաղափար չունեին նրա հարստության մասին, այսուամենայնիվ ժողովուրդը պարոն Մաշտոցյանին կես-միլիոնատեր էր ճանաչում, մի հարստություն, որ Կովկասի մեջ պատկառելի է համարվում, չնայելով, որ մի եվրոպացի դերասանուհի առանց քաշվելու կարող էր ծիծաղել նրա վերա։

Այսպիսի մի համ բավ ստանալուց հետո, հարկ չկա ասել, որ մեր երիտասարդ կես-միլիոնատերը պիտի պաշարվեր բազմաթիվ անկոչ բարեկամներով։ Ամեն տեղ նրան գլուխ են տալիս, ամեն տեղ մեծարում են, ամեն տեղից հրավիրում են, հասարակական (ձրիավար) պաշտոններ են առաջարկում և այլ բազմաթիվ փառք ու պատիվներ են ընծայաբերում: