հարցաքննության և աշակերտուհիների առաջադիմության վերա։
Երբ խոսքը հասավ վարժուհիներին, Պետրոսը հարցրեց.
— Ո՞վ է այս օրիորդը, ո՞րտեղից է, ես բոլորովին հիացած եմ նրանով, ծանոթացրեք ինձ, կաղաչեմ, նրա անձնավորության հետ և ես շնորհակալ կլինեմ ձեզանից:
— Ի՞նչ, միթե դուք չե՞ք ճանաչում նրան,— զարմացմամբ հարցրեց Սերոբյանը։
— Ոչ, նա այստեղացի՞ է։
— Կատա՞կ եք անում։
— Բոլորովին։
— Ուրեմն դուք չե՞ք ճանաչում ձեր դրացուհուն։
— Իմ դրացուհո՞ւն… չգիտեմ… չեմ հիշում… Ո՞րն է այդ։
Այս միջոցին օր. վարժուհին դուրս եկավ պատշգամբը մի ինչ-որ կնոջ հետ և նրան ճանապարհ դնելով մինչև սանդուղքները, շրջվեցավ դեպի այն կողմը, որտեղ կանգնած խոսում էին երկու ընկերները։
— Արի, ես քեզ կծանոթացնեմ նրա հետ,— ասաց Սերոբյանը և առաջ անցավ դեպի վարժուհին. Պետրոսը հետևեց նրան։
— Դուք ճանաչո՞ւմ եք այս պարոնին, օրիորդ,— ծիծաղելավ հարցրեց Սերոբյանը նորատի վարժուհուն։
— Ա՞, ինչպես չէ, իմ դրացուն, պ. Մարալյանին։
Պետրոսը մնաց շվարած, նա աշխատում էր ժողովել յուր բոլոր հիշողությունը ճանաչելու համար այդ տարօրինակ ծանոթին, բայց իզուր, այդ հիշողությունը էլ չէր հնազանդում նրան և խեղճ երիտասարդը կարմրում էր ամոթից։
Օրիորդը նկատեց այդ և մի քաղցր ժպիտով, որ կրկնապատկում էր նրա գեղեցկությունը, հարցրեց Պետրոսին։
— Ուրեմն դուք ինձ չե՞ք ճանաչում։
— Ձեր հայացքը, արդարև, ինձ ծանոթ է երևում...— Գրեթե վախենալով պատասխանեց Պետրոսը,— բայց ձեր անձնավորությունը…
— Որ բոլորովին նման է ձեր դրացի Սարգսի աղջկան Աստղիկին,— ծիծաղելով ավելացրեց օրիորդը։