— ճշմարիտ է, պատվական աղջիկ է. բայց երբեք ես չէի կարող երևակայել, թե այն խեղճ, այն ամաչկոտ Աստղիկր այն աստիճան կառաջադիմեր ուսման մեջ, որ օրիորդական դպրոցի մեջ վարժուհի կարգվեր, և այն էլ այնքան արժանավոր պաշտոնում… Հիշո՞ւմ ես դու, մայրիկ, որ ես նրան զոռով էի մեր տուն բերում ինձ հետ խաղալու, և երբ դու նրան միրգ էիր տալիս, նա ամաչում էր վերցնելու… Տեր աստված, տեր աստված, ի՞նչպես շուտ է անցնում մեր մանկությունը, ես կարծում եմ, թե այն երեկ էր, որ ես նրա հետ վազվզում էի մեր պատշգամբի վերա և կամ խաղում իրենց ծառերի տակ…
— Այո՛, որդի, ամեն բան աշխարհում շուտ է անցնում, բայց աստված պահե ձեզ, դուք դեռ կյանքը վայելելու համար ժամանակ ունիք։
— Աստղիկից խոսի՛ր, մայրիկ, ի՞նչպես պատահեց, որ նա այդպես առաջ գնաց, ախար չէ՞ որ նրա մայրը կարողություն չուներ նրան ուսում տալու։
— ճշմարիտ է, որդի, կարողություն չուներ, բայց յուր մարդու մահվանից հետո մի այգի էր մնացել, տանն էլ ոսկեղեն, արծաթեղեն ունեին, մայրը բոլորը ծախեց և նրանցով յուր աղջկանը ուսում տվեց։
— Մի՞թե, այդ նշանակում է, որ նա խելոք կին է, տեսնո՞ւմ ես, ավելորդ բաները վաճառելով աղջկանը կրթություն է տալիս, նա էլ այսօր փոխարենը վերադարձնում է յուր մորը։
— Եղիսաբե՞թը, իհարկե խելոք կին է. մի ժամանակ ընկեր հարևան շատ խոսեցին նրա վերա, թե ի՞նչ ունի նա, որ աղջիկ է կարդացնում, ի՞նչ լայեղ է նրա ուսում առած աղջիկը և էլ ուրիշ հազար մի բաներ, բայց նա ոչ ոքին չլսեց և այսօր նրան երանի են տալիս հենց նրանք, որոնք մի որ բամբասում էին նրան։
— Օ՜, մեր կանանց բամբասանքի մասին էլ մի՛ խոսիր, դժոխքն էլ մտնելու լինին նրանք, սատանաներին կգժվացնեն… Ես դեռ զարմանում եմ, թե ինչու Եղիսաբեթը յուր խելքը չէ կորցրել և աղջկանը դպրոցից հանել։
— Չէ, նա խելքը կորցնող կին չէ, բայց դու նրան այցելության