Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՛չ, ես կամենում էի ասել, որ դուք այնտեղ ավելի պաշտոնական դիրք, դաստիարակչի լրջություն և կարգապահության նախանձախնդիր նայվածք ունեիք, իսկ այստեղ ես ձեր մեջ գտնում եմ իմ հին բարեկամուհուն յուր ազատ դիրքով, յուր ուրախ բնավորությամբ, յուր սիրելի պարզությամբ…

— Լավ, ուրեմն ներողություն, ես ձեզ չհասկացա, բայց մի՞թե դուք կսխալվեիք, եթե հենց միևնույն կարծիքը հայտնեիք իմ մասին։

— Ա՛յնպիսի մի ժամանակ, երբ ես ձեզանով հիացա՞ծ էի…

— Ինչպես մի խեցիով, որ արեգակի առաջ փայլում է հեռվի՞ց,— ծիծաղելով նկատեց օրիորդը։

— Օրիորդ, համեստությունը յուր ծայրահեղության մեջ ավելի տգեղ է, քան նույն ինքը հանդգնությունը. մի՛ աշխատեք, ուրեմն, ծածկել այն արժանիքը, որով դուք իրավունք ունիք պարծենալու,— լրջությամբ խոսեց Պետրոսը,— նրանք, որոնք շնորհունակ հոգիներից անպայման համեստություն են պահանջում, դրանով կամենում են միայն իրենց անշնորհքությունը ծածկել։— Չե՞ք պատահել արդյոք մի մարդու, որ բախտի քմահաճությամբ դառն աղքատությունից հանկարծ ընկել է մեծ հարստության մեջ. տեսեք, թե նա այսօր ինչպես է դրվատում հարստությունը, որին դեռ երեկ ծաղրում էր անպայման։ Այո՛, համեստության սիրահարը միայն նախանձն է. քիչ է այն մարդկանց թիվը, որոնք սիրում են մանիշակը, երբ նա դժնիկի տակ ծածկված հեռվից է բուրում յուր հոտը, բայց մայիսյան վարդի ճշմարիտ սիրահարները չեն ախորժում տեսնել նրան ծածկված տերևների տակ. նրանք հիանում են, երբ քնքշության թագուհին յուր հրապուրիչ աչքերով տիրում է ազատ և անկախ ծաղիկների աշխարհին… ինչո՞ւ, ուրեմն, արժանիքը չթագավորե այնտեղ, ուր անշնորհքությունը անամոթաբար այլանդակում է ստեղծագործության գեղեցկությունը։

Օրիորդը քնքշությամբ նայեց Պետրոսի վերա, նրա աչքերը այդ րոպեին վառվում էին և մի մոլար կրակով. նա կամեցավ խոսել, բայց լեզուն չէր հնազանդվում, նա կարծես