նա ուրախացավ, որովհետև ինքը միայն յուր որդու տեսնելու վերա էր մտածում, բայց Աստղիկը, ինչպես գիտեք, ընդդեմ էր Պետրոսի վերադարձին, որովհետև նա չէր կամենում, որ Պետրոսը համալսարան գնալու համար որոշած ժամանակը զոհեր յուր հորեղբոր հաճույքին, ինչպես գրել էր նա յուր նամակում:
Պետրոսը Աստղիկի նամակը յուր առջև դրած երկար ժամանակ մտածում էր՝ իսկապես նրա մտատանջության գլխավոր պատճառը այն էր, թե ինչո՞ւ համար է հորեղբայրը կանչում իրեն. բայց այդ պատճառի բացատրության մասին մի բառ անգամ չկար Աստղիկի նամակում. նա միայն գրում էր, որ ինքը ընդդեմ է Պետրոսի վերադարձին. բայց թե ի՞նչպես կարելի էր անուշադիր թողնել հորեղբոր հրամանը ևարդյոք մի միջոց կա՞ր դրա համար, այդ մասին նա ոչինչ չէր գրում։ Պետրոսը երկար, շատ երկար մտածեց, սակայն ոչ մի եզրակացության գալ չկարողանալով, յուր թեյը խմեց, գդակը ծածկեց և տանից դուրս եկավ։ Շուտով նա գտավ յուր ընկերակիցներից մի քանիսին, որոնց և պատմեց յուր գլխին եկած անակնկալ փորձանքը։ նրանցից մի քանիսը խորհուրդ տվին նրան հեռագրով բացատրություն խնդրելու յուր հորեղբորից և հայտնել նրան յուր վերադարձի անհնարավորությունը, իսկ ուրիշները, որոնց Պետրոսը ծանոթացրել էր յուր հորեղբոր համառության հետ, խորհուրդ տվին նրան ժամանակ չկորցնելու համար շուտափույթ վերադառնալ հայրենիք, անձամբ տեսնվել հորեղբոր հետ, տեղեկանալ նրա դիտավորության և համոզելով նրան, կրկին վերադառնալ Թիֆլիս և ճանապարհվել Պետերբուրգ։
Այս խորհուրդը ավելի բանավոր թվեցավ Պետրոսին և նա պատրաստվելով՝ ակամա ճանապարհ ընկավ դեպի յուր հայրենիք։
ճանապարհի ամբողջ երկարությամբ նրա միտքը զբաղված էր միշտ միևնույն հարցով. «Ինչո՞ւ համար է ինձ իմ հորեղբայրը կանչում»։ Այդ պատճառով էլ ուշադրության արժանի դեպքերը, հանդիպող ճանապարհորդները, բնության զանազան երևույթները երբեք և ոչ մի պայմանով նրա ուշադրությունը չգրավեցին։ Նույնիսկ պոստային կայարանների