— Երեխա-երեխա մի խոսիլ. քո հարսնացուն Մելքոն-աղա Խալաթյանի աղջիկն է, գիտե՞ս, մեր քաղաքի ամենաառաջին հարստի աղջիկը։
— Հավատացեք, սիրելի հորեղբայր, որ այդ էլ ինձ համար նշանակություն չունի։
— Գժվե՞լ ես, ի՞նչ է, հարյուր հազարից ավելի օժիտ կտա աղջկանը։
— Թեկուզ յուր բոլոր կարողությունը տա. ես այս միջոցում աղջիկ չեմ ուզում։
— Բայց գիտե՞ս ինչ աղջիկ է. գեղեցիկ, սիրուն հասակով, մեծ ուսումով, քեզանից տասն անգամ ավելի լավ կխոսի ռուսերեն, ֆրանսերեն, և էլ չգիտեմ ինչերեն։
Պետրոսը ծիծաղեց։
— Հապա, դեռ եթե իմանաս, ի՞նչ խելոք, ի՞նչ բարի աղջիկ է նա։
— Եթե մինչև անգամ երկնքից իջած հրեշտակ լինի նա, հորեղբայր, դարձյալ կրկնում եմ, որ ես ամուսնանալ չեմ կարող։
— Եթե ուսմանդ պատճառով չես ամուսնանում, լավ, ամուսնացիր, հետո գնա՛ էլի շարունակիր քո ուսումը։
— Այդ ավելի ծիծաղելի կլինի։
— Ուրեմն ինչպե՞ս ես ուզում, որ անենք։
— Պիտի գնամ ուսումս շարունակելու, ուրիշ ոչինչ։
— Բայց ես պատվավոր խոսք եմ տվել նրա հորը. ես մինչև անգամ մատանի եմ տվել նրան։
— Բոլորովին իզուր։
— Կնշանակե, ես ոչինչ իրավունք չունեի քեզ վերա, հա՞ կնշանակե ես իզուր էի այսքան ժամանակ փող վատնում. կնշանակե ես մի օ՞ձ էի սնուցանում իմ ծոցում, որ վերջ ի վերջո ինձ պիտի շանթեր և սպաներ։
— Ինչո՞ւ համար եք ինձ այդ աստիճան ստորացնում, սիրելի հորեղբայր, մի՞թե ես մինչև այսօր մի բանում հակառակած եմ ձեզ, կամ մի հանցանք ունիմ գործած ձեր դեմ։
— Ինչ որ այսօր ես անում, դա ամենածանր անպատվությունն է, որ հասցնում ես ինձ։