ԻԱ
ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈԻՐԴԸ
— Իմացա՞ր, Պետրե, ինչո՞ւ համար է Թովմասը բերել տվել քեզ,— հետաքրքրությամբ հարցրեց տ. Հռիփսիմեն որդուն, երբ վերջինս ներս մտավ յուր սենյակը։
— Իմացա, մայրիկ, իմացա, պատճառը մի տարօրինակ պատճառ է,— տխրությամբ պատասխանեց Պետրոսը։
— Այսինքն ի՞նչ։
— Հորեղբայրս շատ է մտածում իմ մասին, նա բերել է տվել ինձ ամուսնացնելու համար։
— Ի՞նչ ես ասում, երևի քո և Աստղիկի բանը հասել է նրա ականջին,— միամտությամբ հարցրեց Հռիփսիմեն։
— Չյէ, մայրիկ, իմ հորեղբոր ընտրած հարսնացուն Աստղիկի նման խեղճ աղջիկ չէ, նա քաղաքիս ամենահարուստ մարդու աղջիկն է, մեծ փողով, մեծ օժիտով…
— Եվ դու հավանո՞ւմ ես նրա ընտրությանը։
— Ինչո՞ւ չէ, և ո՞վ չի հավանիլ Խալաթյանի աղջկան։
— Որ հարստությունից զատ էլ մի ուրիշ արժանիք չունի՞։
— Եվ դու կարծում ես, թե այդ փո՞քր արժանիք է։
— Պետրե՛, Պետրե՛, այդ ինչե՜ր ես խոսում, հապա իմ Աստղի՞կը, իմ խելոք, իմ գեղեցիկ հարսնացո՞ւն…
— Նա էլ կմնա իրենց տանը։
— Իրենց տա՞նը։
— Կամ ինձանից մի լավ տղայի հետ կամուսնանա։
— Իսկ ես առանց նրան կմեռնեմ, առանց իմ Աստղիկին ես չեմ ապրիլ, դու առաջ քո մորը պիտի սպանես, Պետրե, և ապա թե Աստղիկին թողնես…
Այս խոսքի վերա տ․ Հռիփսիմեի աչքերը արտասուքով լցվեցան։
— Իմ խեղճ, իմ բարի մայր, և դու կարծում ես, թե ես ճշմարտությո՞ւն եմ խոսում… Ո՞վ անմեղություն, որ նույնչափ դժբախտ ես, որչափ և երջանիկ… Չէ, մայրիկ, չէ.