առաջ աշխարհը պիտի փուլ գա և հետո Պետրոսը Աստղիկին թողնե:
— Այդպես խոսի՛ր, Պետրե, ապա թե ոչ, ես կխելագարվիմ:
— Հանգիստ եղիր, մայրիկս, երիտասարդները նրա համար չեն սիրում, որ ծերուկների քմահաճությանը զոհեն իրենց բախտը… Հանգիստ եղիր, այդպիսի հիմարություն ես չեմ անիլ։
Այս խոսքի վերա ներս մտավ Աստղիկը ուրախ և ժպտադեմ։
— Դուք հո չե՞ք բարկանում, որ ես այսպես վաղ ձեր տուն եմ գալիս,— ծիծաղելով հարցրեց օրիորդը և սիրով ողջունեց բարեկամներին։
— Մենք բարկանում ենք, որ դու մի րոպե անգամ համարձակվում ես մեր տնից բացակայելու,— նկատեց Պետրոսը։
— Բայց դու ինչո՞ւ տխուր ես, մայրիկ,— դառնալով տ. Հռիփսիմեին, քնքշությամբ հարցրեց օրիորդը։
— Ես տխուր չեմ, հոգիս, գլուխս է ցավում։
— Անկարելի է, ես չեմ հավատում։
— Ճիշտ այդպես է. մեր մայրը տխուր է, միայն թե ծածկում է քեզանից,— ասաց Պետրոսը ծիծաղելով։
— Պատճա՞ռ։
— Որովհետև ես հայտնեցի նրան, որ էլ Աստղիկին չեմ սիրում, և պիտի թողնեմ նրան։
— Ա՜, միթե արժե՞ այդպիսի չնչին բանի համար տխրել… բայց ճիշտ ասա, խնդրում եմ, ինչո՞ւ համար է տխուր։
— Ես հայտնեցի նրան իմ հորեղբոր ինձ արած առաջարկությունը։
— Այո՛, ես մոռացա, ախար չէ՞ որ միայն այդ բանի համար էի ես եկել։ Վաղուց արդեն ես մեր պատշգամբից դիտում եմ, որ ուրիշ ժամանակները ժամը 7-ին արդեն պ. Թովմասը տնից դուրս եկած է լինում, իսկ այսօր 8-ին դուրս գնաց։ Ես իմացա, որ նա անշուշտ քեզ հետ խոսելու համար է ուշացել և չէի կասկածում, որ քեզ հրավիրելու գաղտնիքն էլ արդեն հայտնած կլինի քեզ, ուստի շտապեցի այդ հետաքրքիր