— О՞, նա այնպիսին է, որ անպատճառ կհավանես,— ծիծաղելով պատասխանեց Աստղիկը։
— Շատ լավ, կփորձենք, եթե փախուստը մեզ չի հաջողվիլ, կաշխատենք ընդդիմանալ։ Անասուններին է, որ զոռով սպանդանոց են քարշ տալիս, մարդկանց հետ, ես կարծում եմ, մի փոքր տարբեր կերպով պիտի վարվին։
— Իհարկե, եթե միայն նրանք անմռունչ սպանդանոց չեն գնում, բայց եթե մարդիկը ոչխարների չափ համեստ են, սպանդարարը տարբերություն չէ դնում չորքոտանիների և նրանց մեջ։
— Եվ դու կարծում ես, որ այսպիսի դեպքում կգտնվի՞ մի մարդ, որ անմռունչ դեպի սպանդանոց գնա։
— Ինչո՞ւ չէ. մի՞թե քիչ կան մարդիկ, որոնք ուժ չունենալով կենդանի կյանքի դառնությունները տանելու, մեռելության հանգստություն են պտրտում…
— Եթե սիրո կյանքն է կենդանի կյանքը, ապա, ուրեմն, նրա ճաշակն առնողը հեշտությամբ չի բաժանվիլ նրանից. սա մի ճշմարտություն է։
— Ինչպես և այն, որ բոլոր մարդիկ Աքիլլեսի սրտով չեն ստեղծվել։
— Իհարկե, բայց Թերսիդեսը խո՛ յուր զենքով չէ պարծենում։
— Այսուամենայնիվ, Թերսիդեսն էլ Տրովադայի պատերազմումն էր,— ծիծաղելով նկատեց օրիորդը։
— Ես չէի մտնիլ կռվի դաշտը, եթե իմ ուժի վերա վստահ չլինեի.— խորհրդավոր լրջությամբ պատասխանեց Պետրոսը և սրանով սիրահարների խորհուրդը վերջացավ։
Բոլոր այս խոսակցության ժամանակ տ. Հռիփսիմեն ոչինչ կարծիք չհայտնեց. նա ուշադրությամբ լսում էր յուր որդուն և հարսնացուին, բայց որովհետև նրանց այլաբանություններից շատ բան չէր հասկանում, ուստի գործի մասին հոգալն էլ նրանց թողեց, հավատացած լինելով, որ երկու սիրահարները յուր սրտի ցանկությունը կատարելու համար ավելի կարող են անել, քան թե ինքը տկար ուժով…