Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես ինձ շատ բախտավոր կհամարեմ… — խորհրդավոր ժպիտով նկատեց Մելքոն-աղան։

— Բայց գիտե՞ք, որ ես ձեր խոսքերից շատ բան չեմ հասկանում,— ծիծաղելով մեջ մտավ հորեղբայր Թովմասը։

— Ավելի լավ, որքան քիչ բան իմանաք, այնքան ուշ կծերանաք,— նույնպես ծիծաղելով պատասխանեց Մելքոն-աղան.— ես էլ հազիվ եմ ձեր եղբորորդու խորհրդավոր ակնարկությունները հասկանում։

— Չէ, իմ եղբորորդին վատ բան չի ասիլ,— լրջությամբ նկատեց Թովմասը, կարծելով, թե Մելքոն-աղան վատ բան ասելու մասին է խոսում։

Խալաթյանը քթի տակ ծիծաղեց և ակնարկեց Պետրոսին։ Վերջինս ձևացրեց, որ իբր թե չտեսավ Խալաթյանի ակնարկությունը, որովհետև ինքն յուր մեջ վիրավորվեցավ, որ նա ծիծաղում էր յուր հորեղբոր միամտության վերա։

Վերջապես ներս եկան տիկին Անիչկան և օրիորդ Նատալիան. երկուսն էլ փառավոր և շքեղ հագնված, իբրև թե կյուրակեի առթիվ։

Տիկինը ուներ մետաքսյա, մոխրագույն շրջազգեստ, երկայնատուտ և գեղածուփ, զարդարված ամենանուրբ կկոցներով։ Գլուխը, որ ազատ էր վարշամակից, կապված էր գեղեցիկ և ամենախիստ ուշադրությամբ։ Հինգ բթաչափ լայնություն ունեցող և մի գեղեցիկ հյուսկեն եզերում էր նրա թափանցիկ քողը, որ ըստ երևույթին առաջին անգամն էր ազատվել յուր ծալքերից և գեղեցիկ կերպով սքողում էր նրա մազերի երկու փայլուն ոլորները, որոնք խաղում էին նրա քունքերի վերա։

ճակատի կապը, որ հասարակ կանանց մոտ գույնզգույն թելերով է լինում կարված, տիկին Անիչկայինը կերտված էր զուտ ոսկուց և զարդարված մարգարտով։ Նրա մեջ վառվում էին երկու մեծ ադամանդներ, որոնք ամրացրած էին երկու՝ ոսկեղեն քորոցների վերա։

Նույնպիսի ադամանդներով զարդարված մի աստղ էլ հանգչում էր տիկնոջ կրծքի վերա, իսկ երկու շքեղ ապարանջաններ պատում էին նրա փափուկ և սպիտակ բազուկները։