որ վայրենիները թռչունների փետուրներն են խցկում իրենց ականջները, իսկ մեր կանայք՝ ոսկի ու ադամանդ…
— Չգիտեմ. ես այդպես բաներ չեմ կարդացել,— խոսեց օրիորդը,— «Մարգոյի» մեջ լավ պատմություններ շատ կան, բայց վայրենիների մասին բան չկա գրած։
— Երևի այդ տեսակ բաները հայոց գրքերումն է գրած,— նկատեց տիկինը օրիորդին։
— Շատ կարելի է, ես հայերեն գրքեր չեմ կարդացել։
— Դուք հայերեն չե՞ք կարդացել,— զարմանք կեղծեչով հարցրեց Պետրոսը։
— Ոչ,— ժպտալով պատասխանեց օրիորդը։
— Մի՞թե, բայց ինչո՞ւ համար չեք կարդացել։
— Որովհետև հայերենը ոչ մի բանի պետք չէ գալիս։
— Ինչպե՞ս թե ոչ մի բանի պետք չէ գալիս։
— Այնպես էլի, պետք չէ գալիս։
— Բայց մենք այժմ այստեղ հայերեն չե՞նք խոսում:
— Ի՞նչ դուրս եկավ դրանից։ Հապա եթե մի խնջույքում, կամ պարահանդեսում կամենաք ասել այս տիկնոջ շլեյֆը երկար է, կամ այս օրիորդի կրուժիաները գեղեցիկ են, ինչպես կարող եք ասել։
— Հենց այդպես, ինչպես որ ասացիք։
— Ներողություն, այդպես չէ կարելի. շլեյֆ և կրուժիաներ բառերն էլ հայերեն պետք է ասել. բայց հայերեն լեզուն այնքան աղքատ և ողորմելի է, որ այսպիսի երևելի անունների համար բառեր չունի։
— Հա՞. տեսնո՞ւմ եք, հապա պատասխանեցեք իմ Նատաշին,— պարծենալով խոսեց տիկին Անիչկան, կարծելով, թե յուր աղջիկը յուր երևելի փիլիսոփայություններով Պետրոսի ձեռքն ու ոտքը կապեց:
Պետրոսը մի կարեկցական հայացք ձգեց տգետ մոր և աղջկա վերա և շշնջաց Շիլլերի գեղեցիկ խոսքը. «Հիմարության դեմ աստվածներն անգամ իզուր են կռվում…»։
Բայց խոսակցությունը կարճ կտրելու համար հարկավոր էր, որ նա մի պատասխան տար տիկնոջը։
— Ձեր աղջիկը այնպես գեղեցիկ օրինակ բերավ, որ ես նրան պատասխան տալ չեմ կարող. ես արդարև հաղթված