Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փողով… Ես պտրում եմ աղջկա մեջ ներքին, հոգեկան գեղեցկություն, մի արժանիք, որին չեն կարող թառամեցնել ոչ խորշակի հարվածները և ոչ արևի ճառագայթները. մի արժանիք, որ չէ հնանում և չէ ժանգոտում, այլ գործող արորի նման օրըստօրե հղկվում, փայլում է և տեսնողների աչքերն է խտտղում… Ահա՛ իմ պաշտած գեղեցկությունը, ես սրա հետ միայն կարող եմ ամուսնանալ…

— Ապրիս, շատ ապրիս,— բացականչեց Թովմասը,— ես էլ ճիշտ քո գաղափարն ունիմ արտաքին գեղեցկության վերա և հենց առաջին անգամ որ Մելքոն-աղայի աղջկա անունը լսեցի, ճիշտ այդպիսի մի խորհրդածություն էլ ես արի։ Ուրեմն մենք համամիտ ենք մի բանում, որ աղջկա արտաքին գեղեցկությունը մեծ բան չէ, աղջիկը ներքին գեղեցկություն պիտի ունենա։ Է՜հ, Մելքոն-աղայի աղջիկն էլ հենց մեր ուզածն է։ Ճշմարիտ է, նա արտաքին գեղեցկություն չունի, բայց ներքին գեղեցկությո՞ւն… o՛, երևելի է, երևելի. դու հո՛ տեսար, թե ի՞նչպես հաղթեց քեզ վիճաբանության մեջ։ Պետրոսը, որքան էլ դառնացած, այսուամենայնիվ չկարողացավ յուր ծիծաղը զսպել։

— Դու ծիծաղո՞ւմ ես․ բայց մենք հո՛ լսում էինք ձեզ թեկուզ ձեզանից հեռու նստած,— նկատեց Թովմասը։

— Ո՞ւմ մասին եք խոսում, հորեղբայր․ Խալաթյանի աղջկա և նրա մեջ եք դուք ներքին գեղեցկություն գտել։

— Հա՛, ի՞նչ է։

— Շատ ուրախ եմ, որ դուք գնահատում եք ներքին գեղեցկությունը, բայց ցավում եմ, որ երբեք չեք ճանաչում նրան։

— Ինչպե՞ս թե չեմ ճանաչում, քո կարծիքով Խալաթյանի աղջիկը ոչինչ ներքին գեղեցկություն չունի՞։

— Այո՛, հորեղբայր, այո՛, նրա արտաքին կերպարանքից ավելի տգեղ է նրա ներքին կերպարանքը, նրա միտքը, սիրտը և հոգին։ Ի՞նչ է նա, մի տիկնիկ, մի խաղալիք, որի վերայի զարդարանքը ավելի փող արժե, քան յուր ամբողջ գոյությունը։ Եվ մի աղջիկ, որ այնպիսի մայր ունի, որպիսին