կինը այսպիսի մի չնչին արարած լինելով, յուր աղջկանից էլ յուր նման մի ոչնչություն պիտի ստեղծեր։
—Թեպետ ես դեռ չեմ համոզվում, որ տ. Անիչկան այնքան չնչին արարած է, որպիսին դու ես ներկայացնում, այսուամենայնիվ մի վայրկյան ընդունենք, թե քո նրա մասին հայտնած կարծիքը ճշմարիտ է և թե նա արդար և մի անպետք կին է. բայց ինչո՞ւ համար աղջիկն էլ նրա նման պիտի լինի, քի՞չ վատ մայրեր կան, որոնք լավ աղջիկներ ունին և լավ մայրեր, որոնք վատ աղջիկներ ունին։
—Դրանք բացառություններ են. բուն ճշմարտությունը այն է, որ չար ծառը բարի պտուղ չի բերիլ։ Բայց եթե ենթադրենք, թե այս կարծիքն էլ սխալ է, այսուամենայնիվ ես տեսա այն աղջկան նա այնքան հասարակ փայտից է տաշված, որ ամենատգետ հյուսնը անգամ կարող է նրան ճանաչել։
—Ի՞նչ պակասություն տեսար դու այն աղջկա մեջ։
—Որտեղ ոչ մի առավելություն չկա, այնտեղ արդեն ամեն ինչ պակասավոր է։
—Ես քո գրաբար մտքերը չեմ հասկանում, պարզ խոսիր տեսնեմ, թե ի՞նչ պակասություն գտար այն աղջկա մեջ:
—Ես ո՞ր մեկը թվեմ. առաջինը՝ նա հայ չէ…
—Լռի՛ր, լռի՛ր, ինչպե՜ս թե հայ չէ. նա ինքն էլ է հայ, ծնողներն էլ են հայ, պապերն էլ են հայ… — շտապով ընդհատեց Թովմասը Պետրոսին.— եթե որ բոլոր մեղադրանքներն էլ այդտեսակ են, վա՜յ քո հոգուն։
—Ես այդքան տգետ չեմ, սիրելի հորեղբայր, ինձ դուք չեք հասկանում. ես գիտեմ, որ նա հայ ծնողներից է ծնվել, հայ եկեղեցում է մկրտվել. բայց քանի որ նա հայ հոգով չէ մեծացել, հայերեն չէ կարդացել, հայություն չէ սիրել, նա ինձ համար հայ չէ։ Իմ ապագա ամուսինը չպիտի համարձակվի իմ առաջ իմ մայրենի լեզուն ծաղրել. բայց այդ աղջիկը այդպես արավ. եթե նա ուրիշ շատ թանկագին արժանավորություններ էլ ունենար, այսուամենայնիվ նրա այդ միակ վարմունքը բավական էր, որ ես նրան իբրև իմ սատանային՝ ատեի, ինչպես մի փանաքի որդն արհամարհեի… Բայց նա ոչ մի ուրիշ արժանավորություն էլ չունի. տգետ է վերին աստիճանի. ամենահասարակ նյութի մասին անգամ